Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը Տարոն Տոնոյանին նոր կլինիկա հիմնելու թույլտվություն է տվել

16:35, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
Կառավարությունը Տարոն Տոնոյանին նոր կլինիկա հիմնելու թույլտվություն է տվել

Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Կառավարությունը որոշում է կայացրել «Երևան» ԲԿ-ի տնօրեն Տարոն Տոնոյանին Երևան քաղաքում նոր բժշկական կենտրոն կառուցելու թույլտվություն տալ:
     «1253.5 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ՝ Գույք) և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07966 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Տարոն Տոնոյանին»,- նշված է որոշման մեջ:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում վիրաբույժ Տարոն Տոնոյանն ասաց, որ նոր կառուցվող հիվանդանոցը շատ մոտ է գտնվում «Երևան» ԲԿ-ին, ինչի պատճառով էլ այդ հողամասն իր համար բավական հետաքրքրություն էր ներկայացնում. «Իհարկե, վայրը հրապուրիչ չէ: Այդ հիվանդանոցի շենք տանող ճանապարհները բավականին նեղ են, «Սիթիի» հետևի մասում է լինելու, բայց քանի որ հիվանդանոցին մոտ է, դրա համար ընտրել եմ այդ շենքը: Պարտավորություն եմ վերցրել ինձ վրա, որ ներդրումներ կատարեմ: Ինչ-որ ծրագրել եմ իրականացնել այնտեղ, այդ ծրագրերի համար հիվանդանոցն իր չափերով, իր հնարավորություններով չի կարողանա այդ դերակատարությունը կատարել իհարկե»,- անկեղծացավ Տ. Տոնոյանը` նշելով, որ միակ առավելությունն այն է, որ «Երևան» ԲԿ-ին մոտ է:
     Հարցին՝ որքա՞ն ժամանակում ավարտին կհասցվի նոր կլինիկան, ասաց, որ հաջողությունից է կախված, և, եթե «ֆորս-մաժորներ» չլինեն` հավանաբար, 6-7 ամսվա ընթացքում ավարտին կհասցնեն:
     Հիշեցնենք, որ «Երևան» բժշկական կենտրոնի սեփականատերեր` գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանի և Հայկ Բալայանի միջև կոնֆլիկտ էր ստեղծվել, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Երկու սեփականատերերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ հիվանդանոցի տնօրենի նշանակման հարցում, որից հետո Տ. Տոնոյանը որոշեց սեփական կլինիկա հիմնել:
     «Երևան» ԲԿ-ի ճակատագրի հետ կապված, վիրաբույժը դարձյալ դժվարացավ որևէ հստակ պատասխան տալ. «Ես հույս ունեի, որ տրամաբանությունը կհաղթի էմոցիային և կկարողանանք ընդհանուր հայտարարի գալ: Ես այսօր էլ, կարծում եմ, որ ի վերջո, երբ ամեն ինչ կավարտվի, կվերջանա, կհասկանա, որ անօգուտ էր այդ ամեն ինչը, որ տարբերակներ ունեինք «Երևան» բժշկական կենտրոնն աշխատեցնելու»,- եզրափակեց Տարոն Տոնոյանը:

15348 | 0
Facebook