Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե Ռուսաստանը շատ է ուզում ԵԱՏՄ-ում իր դուդուկի տակ պարենք, ապա մի քիչ էլ պետք է վախենա». Արշակ Սադոյանը՝ «Ելք»-ի նախաձեռնության մասին

15:50, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
«Եթե Ռուսաստանը շատ է ուզում ԵԱՏՄ-ում իր դուդուկի տակ պարենք, ապա մի քիչ էլ պետք է վախենա». Արշակ Սադոյանը՝ «Ելք»-ի նախաձեռնության մասին

MAMUL.am-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը։
    
    
- Պարո´ն Սադոյան, ըստ Ձեզ, ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը «Ելք»-ի կողմից ի՞նչ նպատակներով է բարձրացվել: Կարծիք կա, որ այդպես «Ելք»-ը փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել։
    
    
- Ես լրիվ ծանոթ եմ «Ելք»-ի նախաձեռնությանը, նույնիսկ կարծիքների հետ։ Ակնհայտ է, որ հայ ժողովուրդն ունենալով մեծ սփյուռք և քրիստոնեական մշակույթ, որևէ առաջընթաց չունի հեռավոր Ասիայի երկրների հետ և հայ ժողովրդի համար ճիշտ ճանապարհը եվրոպական ինտեգրման ճանապարհն է: այդ Եվրասիա կոչեցյալը մինչև հիմա, ես նկատի ունեմ և´ Ռուսաստանը, և´ Ղազախստանը և մյուսները, որևիցե լուրջ համաշխարհային գործ, որևիցե մշակույթային արժեք դեռ չի ստեղծել, ոչ էլ կարող է ստեղծել իր մոտեցումների, աշխարհայացքի պատճառով: Այս իմաստով, եվրասիական ճանապարհը շարունակելն ուղղակի կործանարար է: Այդ սխալն ուղղելու համար միակ ելքը ժամանակին հետ կանգնելն է: Այն, ինչ առաջարկում է «Ելք»-ը, ես երկու ձեռքով կողմ եմ։ Վաղուց դրա ժամանակն էր, մերոնք էլ խոտովանում են, որ՝ հա, եվրասիականը սխալ էր, բայց մեր պաշտպանության համար դա պետք էր: Իրականում մենք եվրասիական ճանապարհն ընտրել ենք ոչ թե նրա համար, որ օգտակար էր, այլ, ենթադրենք, որպեսզի և´ Ղարաբաղը չտան, և´ Հայաստանի վրա չհարձակվեն: Ցավալին այն է, որ մեզ կրկնակի խաբեցին` մի կողմից խոստացան, որ, եթե Եվրասիական միությունն ընտրենք, մեր անվտանգության խնդիրները կլուծվեն, մյուս կողմից սկսեցին Ադրբեջանին զենք տալ՝ ստիպել նրան ապրիլյան պատերազմ սկսել և այլն: Եվրասիական միությանը հարելը ոչ միայն անվտանգության տեսակետից օգուտ չտվեց, այլև վնասակար եղավ, իսկ տնտեսական կամ մշակույթային հեռանկարների տեսակետից, այդ միություն մտնելն ուղղակի խայտառակություն էր։ Առավել ևս, եթե հաշվի առնենք մի բան, որ այսօր աշխարհի զարգացած երկրներում, ի տարբերություն Ռուսաստանի, գործում է, այսպես կոչված, բազմամշակութային մոտեցումների գնահատման մեխանիզմ, որը համարվում է արևմտյան քաղաքակրթության զարգացման ամենալավ ճանապարհը:
    
     - Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն կարծիքներին, որ իշխանությունն է «Ելք»-ի միջոցով փորձում ինչ-որ բան հասկացնել Մոսկվային:
    
    
- Հնարավոր է, որ իշխանությունն էլ «տակից» ինչ-որ բան է անում․․․ Դրանով, միգուցե, փորձում է ցույց տալ, որ, եթե Ռուսաստանը շարունակում է նոր զենքի տեսակներ վաճառել Ադրբեջանին և Հայաստանին պրակտիկորեն ոչինչ չի տալիս, այս պայմաններում, կարող ենք նման քայլի գնալ։ Պետք է մի քիչ վախեցնել Ռուսաստանին։ Եթե նա շատ է ուզում Եվրասիայում իր դուդուկի տակ պարենք, ապա մի քիչ էլ պետք է վախենա:
    
     - Մոտավորապես մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն աշնանը ԵՄ-ի հետ «համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» է ստորագրելու: Ելք-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ՀՀ նախագահի՝ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու միջև կապ տեսնո՞ւմ եք։
    
    
- Եթե պիտի ստորագրվի այդ համաձայնագիրն, անկախ նրանից՝ դուրս կգանք ԵԱՏՄ-ից, թե ոչ՝ կստորագրվի, որովհետև այդ պայմանագիրը նախատեսված է առանց պայմանների: Մեկը մյուսի հետ կապ չունեն։ Կարծում եմ՝ շատ անհրաժեշտ է, որ նոյեմբերին այդ պայմանագիրը վերջապես ստորագրվի: Այնպես որ, պայման չի դրվել, որ այդ դեպքում ԵԱՏՄ-ից դուրս պիտի գանք: Կարող է հիմա Շարմազանովը և մյուսները խոսեն Եվրասիայի առավելությունների մասին (կամ էլ իրենց պատվիրված է, որ ասեն` ԵԱՏՄ-ն լավ է), բայց քաղաքական լուրջ գործիչները հասկանում են, որ դա վատ է, վնասակար է:
    
     - Ի՞նչ եք կարծում, ինչին էին միտված ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։
    
    
- Մի երկիր, որ ինչպես ասում են՝ իր «յորղանի գյորա» իրան չի պահում, մի երկիր, որի բյուջեն Ֆինլանդիայի բյուջեի կարգի է և մի 50 անգամ պակաս է Ամերիկայի բյուջեից, և եթե նա համարձակվում է Ամերիկայի ընտրություններին խառնվել, բնական է, նրան պետք է խելքի հրավիրեն, պատժեն։ Բայց քանի որ աշխարհի հզորները չեն ուզում, որ պատիժը լինի ֆիզիկական բնույթի, նրանք, ուղղակի, պատժամիջոցներ են կիրառում, որոնք սարսափելի վնաս են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը։ Ես նույնիսկ չեմ կասկածում, որ Պուտինն ու մյուսներն առաջին հերթին մտածում են իրենց իշխանությունը պահելու, իրենց գրպանի մասին, քան թե ՌԴ-ի հեռավոր ապագայի մասին։ Եվ հիմա, այն բոլոր քայլերը, որոնք անում են, ներառյալ Ուկրաինայի, Սիրիայի դեպքերի և Ադրբեջանին զենք տալու հետ կապված, արվում են միայն նրա համար, որ Կրեմլը, այսինքն՝ Պուտինն անձամբ, միլիարդներ գռփի։ Երևի բոլորին հայտնի է, որ ամենաեկամտաբեր բիզնեսը, թմրանյութերի վաճառքից հետո, զենքի վաճառքն է։ Զենքի վաճառքը մի առավելություն ունի, այն գաղտնի է արվում։ Այդ գործընթացին ոչ ոք չի կարողանում հետևել: Ոչ մի լրագրող չի կարող իմանալ, որ, ենթադրենք, այդ 5-6 մլրդ դոլարը, որն Ալիևից Պուտինը վերցրեց, քանի՞ միլիարդը դրեց սեփական գրպանը։ Նույնիսկ առանց անհարմար զգալու, բաց տեքստով էլ ասում է՝ դե բիզնես է էլի։ Այսպիսով, նա թքած ունի հայ ժողովրդի և Հայաստանի և մյուս քրիստոնեական երկրների վրա։
    
     - Ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան ներքաղաքական զարգացումները և ի՞նչ սպասելիքներ ունեք քաղաքական ուժերից, առհասարակ:
    
    
- Նոր Հայաստանի Հանրապետության ձևավորումից 2-3 տարի հետո, այն ժամանկվա ՀՀՇ իշխանությունների կողմից հստակ գիծ վերցվեց (որի պատճառով էլ մենք դուրս եկանք ՀՀՇ-ից), որ Հայաստանում քաղաքական պայքարի ռեալ հնարավորությունները` նոր հեղափոխություն անելու կամ այդ իշխանությունը վերցնելու ճանապարհը, դատապարտվի, նույնիսկ դառնա ծիծաղի արժանի։ Եվ տարիներ շարունակ, հատկապես Գերագույն խորհրդի վերջին նիստերից հետո, ապա՝ նոր Ազգային ժողովի կողմից ամեն ինչ արվում էր, որ ծիծաղի առարկա դառնան պառլամենտը, կուսակցությունները: Դրանց բոլոր գործընթացներն սկսվում էր՝ մեկ ա ի՞նչ կարան անեն, ի՞նչ ուզենք` այն էլ անելու ենք սկզբունքով։ Եվ կամաց-կամաց ձևավորվեց մի մթնոլորտ, որ քաղաքական պայքարի ձգտումները, հնարավորությունները լիիրավ չեն։ Եվ այդ տեսակետից, Հայաստանում քաղաքական դաշտն սկսեց ավելի աղքատանալ, քաղաքական դաշտում սկսեցին երևալ ոչ քաղաքական գործիչներ, որոնք կլանային մեխանիզմներն էին օգտագործում քաղաքականության մեջ հաջողություն ունենալու համար։
     Այսօր առանց անհարմար զգալու Ազգայն ժողովում կուսակցություններից մեկը կոչվում է Ծառուկյան դաշինք։ Այսինքն` ի՞նչ հասկանալ: Այդ դաշինքը միայն Ծառուկյանին ծառայելուց բացի, որևիցե գաղափարական լուրջ հիմքեր ունի՞: Սոցիալիստներ են, արևմտամետ, թե արևելամետ են, կարևոր չէ, կարևորը միայն Ծառուկյանի անունն է։
     Այսօրվա քաղաքական դաշտը Հայաստանում խիստ աղքատիկ է, որոշ չափով` մի քիչ այլասերված: Այն արմատական փոփոխությունների պետք է ենթարկվի: Ճիշտն ասած` ես ճանապարհ չեմ տեսնում ինչպես դա անել, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, մի ճանապարհ կա։
    
     - Ո՞րն է:
    
    
- Դա հետևյալն է` փորձել ստեղծել աշխարհով մեկ 10 միլիոնանոց վիրտուալ համահայկական կուսակցություն` օգտագործելով հեռահաղորդակցության ժամանակակից հնարավորությունները: Նրա հիմքում պետք է դրվի մի բան` պայմաններ ստեղծել, որպեսզի, այսպես ասած` կոռուպցիան նվազագույնի հասցվի: Պայմաններ ստեղծել, որ Հայաստանը դառնա բոլոր հայերի հայրենիքը: Ի դեպ, սեպտեմբերի 18-20-ը Երևանում տեղի է ունենալու Սփյուքի 6-րդ համաժողովը։ Այն կարևոր է հատկապես նրանով, որ այդ համաժողովում որոշում կընդունվի ստեղծել մի համազգային կառույց, որը մենք կոչել ենք Համագործակցության և փոխօգնության համազգային կառույց։ Այս համազգային կառույցը պետք է ունենա իր համազգային, գործադիր խորհուրդը կամ կառավարությունը, իր գործադիր հանձնախմբերը կամ նախարարություններն իրենց ծառայություններով, որով որ աշխարհով մեկ պետք է ծառայություններ մատուցի հայ ժողովրդին։ Եթե կյանքի կոչվի այս նախագիծը, մենք կարող ենք ոչ թե հայաստանաբնակ 2,7 միլինով, այլ աշխարհի 11 միլիոնով դիմակայել դրսի ցանկացած մարտահրավերներին և զարգանալ: Այս իշխանությունն էլ այդ դեպքում, հույս ունեմ, որ կդառնան ավելի դմեոկրատ, ավելի լուրջ մտածող: Սա, իհարկե, բավականին բարդ ճանապարհ է... Այո, եթե հնարավորություն կա աշխարհով մեկ ստեղծել 10-11 միլիոն հայության ազգ-կազմակերպություն, ինչո՞ւ մնանք ԵԱՏՄ-ի կազմում, ինչո՞ւ մենք էլ մերը չստեղծենք, որովհետև Ռուսատանին դա դուր չի՞ գալիս։ Իրենց թվում է, որ բոլորը պետք է միայն ռուսերեն խոսեն և անընդհատ պնդում են ռուսերենի տարածումը։ Իսկ, ընդհանրապես, ասեմ, որ ես ոչ մի ռեալ հույս չեմ կապում այսօրվա քաղաքական դաշտում գտնվող կուսակցությունների հետ:

5354 | 3
Facebook