Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները նշել են՝ որն է Երկիր մոլորակի ամենամահաբեր վիրուսը

21:05, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Գիտնականները նշել են՝ որն է Երկիր մոլորակի ամենամահաբեր վիրուսը

Երկիր մոլորակի ամենամահաբեր վիրուսը ո՛չ ՁԻԱՀ-ն է, ո՛չ կատաղությունը, ո՛չ էլ մալարիան, այլ հեպատիտ վիրուսի տարատեսակ շտամները, որ ամեն տարի ավելի քան 1.3 միլիոն մարդու մահվան պատճառ են դառնում: Այս մասին ուսումնասիրությունը հրապարակվել է Lancet բժշկական պարբերականում:
     «Նման եզրահանգումները մեր զայրույթն են հարուցում, բայց մենք չենք զարմանում, որ հեպատիտն ավելի շատ թվով մարդկանց է սպանում, քան ՁԻԱՀ-ը, մալարիան և տուբերկուլյոզը: Պատճառն այն է, որ հեպատիտի դեմ պայքարը երբեք չի դարձել պետության քաղաքական առաջնահերթություններից, և այն, որ չկա գլոբալ որևէ համակարգ, որով կֆինանսավորվի հեպատիտի դեմ պայքարը»,- նշել է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային դաշինքի նախագահ Չարլզ Գորը:
     Ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու ՄԱԿ-ի առողջապահական կառույցները Lancet պարբերականում հաշվետվություններ են հրապարակում, թե որ հիվանդություններն ու առողջական որ խնդիրներն են առավել շատ անհանգստացնում մարդկանց ու ավելի շատ կյանքեր խլում:
     Այս տարի հաշվետվության հեղինակները շեշտադրում են կատարել ոչ թե հիվանդությունների, այլ տարատեսակ վիրուսային, բակտերիալ և մակաբուծային ինֆեկցիաների վրա: Վերջին 40 տարվա էվոլյուցիոն պատկերը կազմելու համար գիտնականները հավաքել ու վերլուծության են ենթարկել 147 երկրի բժշկական արխիվներ:
     Պարզվել է, որ վիրուսային հիվանդություններից ամենամահացուն հեպատիտն է, որ պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների առաջացման, ներառյալ լյարդի ցիրոզն ու քաղցկեղը: Երկրորդ տեղում է տուբերկուլյոզը՝ տարեկան 1.2 միլոն մահ, երրորդում՝ ՁԻԱՀ-ը՝ մոտ 1 միլիոն, չորրորդում մալարիան է, որի հետևանքով տարեկան մոտ 719 հազար մարդ է մահանում:
     Ըստ գիտնականների, սակայն, ներկայացված թվերը խիստ պահպանողական են, քանի որ աշխարհի ընդամենը 25 երկիր է իր քաղաքացիների մահացության պատճառների վերաբերյալ բավականաչափ ճշգրիտ վիճակագրություն ներկայացնում: Իրական թվերը ներկայացված տվյալներից շատ ավելի մեծ են:
     Հեպատիտը վտանգավոր է այնքանով, որ վերջին տարիներին դրանից մահացածությունների թիվը չի նվազել, այլ աճել է, այնինչ հակառակ պատկերն է ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեպքում: Բացի ֆինանսավորման պակասից, հեպատիտի դեմ պատվաստանյութերի ու դեղերի թանկությունից, հիվանդության զարգացման գլխավոր պատճառներից մեկը նաև այն է, որ մարդիկ չեն կասկածում, որ վարակված են այդ վիրուսով: Զարգացող և զարգացած երկրների բնակչության ընդամենը 5%-ն է տեղյակ, որ վարակված է հեպատիտով, ու բուժում է անցնում դրա դեմ:

10718 | 0
Facebook