Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր նշած սուբյեկտը կրթության ոլորտի փորձագետ չէ». ԿԳ փոխնախարարն՝ Անահիտ Բախշյանի մասին

14:35, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
«Ձեր նշած սուբյեկտը կրթության ոլորտի փորձագետ չէ». ԿԳ փոխնախարարն՝ Անահիտ Բախշյանի մասին
     Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պահանջում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականը:
     Հիշեցնենք՝ անդրադառնալով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն մեդալ շնորհելու փաստին, նախարարն ասել էր, որ անկախ նրանից՝ պաշտոնյայի երեխա, թե` ոչ, դժբախտ դեպք է եղել, թե` ոչ, երեխան ոսկե մեդալն ստանում է իր աշխատանքի համար: «Խոսում ենք անօրինության մասին, որ անչափահասն առանց վարորդական վկայականի դժբախտ դեպքի պատճառ է դարձել: Չհասկանալ ու այդ պատասխանը տալ, ԿԳ նախարարի պաշտոնի հետ անհամատեղելի է, ոչ սազական»,- նշել էր Բախշյանը:
     Արձագանքելով կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի՝ ԿԳ նախարարի հրաժարականի պահանջին, փոխնախարար Վահրամ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Այդպիսի մարդ չեմ ճանաչում, որ կրթության ոլորտի փորձագետ լինի ձեր մատնանշած սուբյեկտը, բայց այդպիսի ավագանու անդամ ճանաչում եմ: Քաջածանոթ ենք, որ այդ սուբյեկտը վերջերս ազատվեց ԿԱԻ փոխտնօրենի պաշտոնից»,- ասաց ԿԳ փոխնախարարը: Երբ լրագրողները հորդորեցին հարգալից խոսել Անահիտ Բախշյանի մասին, պատասխանեց. «Բայց քաղաքական սուբյեկտ եմ ասում, վա՞տ բան եմ ասում: Սուբյեկտը լուրջ հասկացությունն է: Այդ սուբյեկտը, ով ասում է կրթության փորձագետ եմ, հիշեցնում եմ՝ եղել է պաշտոնյա, ոչ՝ փորձագետ»: Ինչ վերաբերում է Հրազդանի քաղաքապետի որդուն, նա կրկնեց նախարարի խոսքերը. «Մարդու՝ հանցագործություն կատարելու հանգամանքն ու կրթական ցենզն իրար հետ էական չեն: Եթե, ցավոք, ավտովթարի է ենթարկել մարդու, դա ոչ մի կապ չունի գիտելիքների հետ: Մեդալը շնորհել են գիտելիքների համար: Իսկ արարքի հետ կապված նախաքննություն է իրականացվում»:
6035 | 0
Facebook