Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հարցազրույցներ

«Կառավարությունը չապահովեց «Նաիրիտ»-ի անվտանգությունը, չտվեց խոստացած միջոցները, ինչի պատճառով էլ հրդեհ բռնկվեց»․ Անահիտ Մանուկյան

14:05, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
«Կառավարությունը չապահովեց «Նաիրիտ»-ի անվտանգությունը, չտվեց խոստացած միջոցները, ինչի պատճառով էլ հրդեհ բռնկվեց»․ Անահիտ Մանուկյան

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից, քիմիկոս-ինժեներ Անահիտ Մանուկյանը:


    
- Տիկին Մանուկյան, այս պայմաններում, երբ կառավարությունը մերժեց «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու «Եվրոպա-Ասիա բիզնես կենտրոն» հոլդինգի առաջարկը, այլևս ի՞նչ ակնկալիքներ ունեք, որն է կառավարության դիմաց հավաքվելու ձեր նպատակը:
    
    
- Մենք ուզում ենք ամեն ինչ փորձել: Եվ քանի որ շուտով Ազգային ժողովի աշխատանքներն սկսվելու են, հիմա էլ որոշել ենք հանդիպել պատգամավորների հետ, խնդրենք նրանց այս հարցն անպայման բարձրացնեն Ազգային ժողովում, որովհետև այլ ելք չենք տեսնում պարզապես:


     - Կառավարության պատճառաբանություններին, թե հոլդինգը ծրագիր չունի և այլն, ինչպե՞ս եք վերաբերվում:
    
    
- Ես, մեղմ ասած, լուրջ չեմ ընդունում այդ պատճառաբանությունները: Նախ ասեմ, որ հոլդինգն իսկապես չունի ծրագիր, ասկայն նա պատրաստ է մեր մասնագետների կողմից մշակված ծրագիրը կյանքի կոչել, գումար ներդնել այդ ծրագրի տակ` վերագործարկելու համար «Նաիրիտ»-ը: Կարևորը, որ հոլդինգը հավանություն է տվել այդ ծրագրին: Ես ինքս, մի քանի անգամ այդ ծրագիրը, սկավառակի վրա՝ տարել, հանձնել եմ կառավարությանը, որ համոզվեն՝ հոլդինգը ծրագիր ունի, բայց իրենք անընդհատ հայտարարում են, որ ծրագիր չկա: Կարապետյանն էլ անընդհատ կրկնում է, թե ծրագիրն արդիական չէ, պետք է այնտեղ ներկայացվի, թե էներգակիրները 10 տարում ինչ փոփոխության կենթարկվեն: Մենք ինչպես կարող ենք ասել, թե 10 տարում ինչ փոփոխություն կլինի: Եթե գազի գինը բարձրանա, «Նաիրիտ»-ի արտադրած կաուչուկի գինն էլ կբարձրանա, էլեկտրաէներգիայի գինը, եթե բարձրանա, կաուչուկի գին էլ կբարձրանա: Մի խոսքով, դրանք այն պատճառաբանությունները չեն, որ կարելի է ներկայացնել:


     - «Նաիրիտ»-ի հրդեհի և կառավարության որոշման մեջ կապ տեսնո՞ւմ եք:

- Ես, մասնագիտությամբ որպես քիմիկոս-ինժեներ, իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում` քանի որ այդ նյութը (էթինոլ լաք), այդ թափոնը, ինքնաբռնկվելու հատկություն ունի, ապա կարող է նույնիսկ տաքությունից, արևից բռնկվել: Եթե այն, ենթադրենք, լցված է տարայի մեջ և փակած է, ապա գազեր են սկսում կուտակվել մակերեսին: Կուտակվում-կուտակվում են և կարող է կափարիչը (կլապանը) թռնի: Եթե կափարիչը թռավ` արևից, հասարակ կայծից էլ կարող է բռնկվել: Այնպես որ, ես չեմ կարծում, որ դա դիտավորյալ արված բան է: Որպես քիմիկ, ես իմ կարծիքն ունեմ, բոլոր օրգանական նյութերն այրվելուց, եթե թերայրում չի լինում, առաջացնում են CO2 և ջուր, (ջուր և ածխաթթու գազ, ածխածին), որն առողջության համար վտանգավոր չէ: Մարդը կարող է խորովածի ծխից էլ ծխահարվել: Ծուխն, իհարկե, տհաճ էր: Ես ապրում եմ Շենգավիթ համայնքում և զգում էի այդ ծուխը: Այն անչափ տհաճ էր, բայց թունավորել չէր կարող: Այն, որ ծուխը շատ բարձր էր, դա մեզ հուշում էր, որ այդտեղ անօրգանական նյութ կա: Այսինքն` ծանր նյութեր, որոնք մարդու առողջության համար վտանգ կարող էին ներկայացնել, չկար:


     - «Նաիրիտ»-ի վնասը հրդեհից հետո ինչպե՞ս եք գնահատում:
    
    
- Հրդեհից «Նաիրիտ»-ը ոչ մի վնաս չի կրել: Այրվածը թափոն էր: Սովետական տարիներին այդ թափոնը տանում էին Լենինգրադ, Ուկրաինա և օգտագործում նավաշինության մեջ: Այն ջրակայուն է և նավերի տակերն էին պատում դրանով: Սովետմիության փլուզումից հետո, երբ ճանապարհները փակվեցին, տեղափոխումը բարդացավ: Եվ քանի որ այդ նյութն ինքնաբռնկվելու հատկություն ուներ, դրա համար հրաժարվեցին տանել: Այդ թափոնն սկսեց կուտակվել` մեզ համար ստեղծելով խնդիրներ: 2012-2014թթ-ին «Նաիրիտ» գործարանի տնօրինությունը դիմեց կառավարությանը, որ ֆինանսներ հատկացնի այդ թափոնն այրելու համար: Մենք ունենք այրման արտադրամաս, որտեղ մեր թափոններն այրում էինք ժամանակ առ ժամանակ, երբ գործարանն աշխատում էր: Կառավարությունը խոսք տվեց, որ միջոցներ կհատկացնի: «Նաիրիտ»-ի աշխատակիցների ուժերով վերանորոգվեցին վառարանները, քանի որ դրանք էլ էին շարքից դուրս եկել: Կառավարությունն իր խոստացած միջոցներն այդպես էլ չհատկացրեց և այդ նյութը մնաց տարաներում: Ամռան ամիսներին դրա վրա սառը ցնցուղ էին պահում, որպեսզի չբռնկվի, բայց հիմա գործարանում ջուր էլ չկա... Եվ, ի վերջո, կարող եմ ասել, որ կառավարությունը չի ապահովել գործարանի անվտանգությունը: Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում` «Նաիրիտ» գործարանը կոշկակարի բուդկա չէ, որ ով ուզենա գնա աշխատացնի: «Նաիրիտ»-ում յուրաքանչյուր աշխատող պետք է մասնագետ լինի, որպեսզի խուսափենք այսպիսի դեպքերից: Իսկ հիմա «Նաիրիտ»-ում այնպիսի բարձիթողի վիճակ է, որ մտածում ենք դեռ էլի կունենանք այդպիսի դեպքեր, որովհետև այնտեղ պատշաճ անվտանգություն չի ապահովվում:


     - Կարելի՞ է ասել, որ կառավարության մեղքով տեղի ունեցավ այս հրդեհը:
    
    
- Այո: 2013-14 թթ, եթե միջոցներ հատկացվեր, քանի որ «Նաիրիտ»-ում անջատված էր և´ գազը, և´ հոսանքը, այդ նյութը կայրեինք, կվերջացնեինք: Իհարկե, ինչպես «Նաիրիտ»-ի բոլոր խնդիրների առնչությամբ կառավարությունն իր մեղքի բաժինն ունի, այնպես էլ հրդեհի հետ կապված: Ինչպես նաև «Նաիրիտ»-ի կառավարումը, երբ ժամանակին տվեցին «Ռայնովիլ» ընկերությանը: Այդ ժամանակ, մեր պաշտոնատար անձինք աչքները փակեցին և չհետևեցին պայմանգրի կետերին: «Ռայնովիլն» էլ ինչ ուզեց արեց` թալանեցին գործարանն ու թողեցին գնացին:


     - Դուք վերևում ասացիք, որ հրդեհը լուրջ վնաս չի պատճառել «Նաիրիտ»-ին: Այսինքն` այն չի՞ խոչընդոտում գործարանի վերագործարկմանը, խնդիրներ չի՞ առաջացնում:
    
    
- Ոչ, հրդեհը ոչ մի վնաս չի պատճառել գործարանին: Մի խնդիր կա միայն. քանի որ «Նաիրիտ»-ը ճանաչել են սնանկ և սնանկացման կառավարիչ են նշանակել, այդ կառավարիչն ինչ ուզում անում է այնտեղ: Իհարկե, ամեն ինչ օրենքի սահմաններում է անում: Կարող է օրենքից դուրս ինչ-որ բաներ էլ են անում, բայց ներկայացնում են, որ օրենքով է: Քանի որ մենք հիմա գործարանում չենք, չգիտենք` այնտեղ ի՞նչ է կատարվում: Սնանկացման կառավարիչը, եթե իր սև գործը չի անում, այսինքն` չի վաճառում այն սարքավորումները, որոնք «Նաիրտի» վերաթողարկման ժամանակ անհրաժեշտ են մեզ, ուրեմն այս հրդեհը գործարանին ոչ մի վնաս չի կարող պատճառել: Ներդրման դեպքում, կարող է աշխատել, և կարող է աշխատել շահույթով:


     - Այս օրերին նաև կարծիքներ հնչեցին, թե կառավարությունը հենց սկզբից որոշել էր «վիժեցնել» «Նաիրիտ»-ի վերագործարկման գաղափարը, և այս պայթունն էլ նպաստեց, որ Հոլդինգի առաջակը մերժի: Ինչպե՞ս եք վերաբերվում նման մեկնաբանություններին:
    
    
- Ես պայթյունի հետ ոչինչ չեմ կապում, բայց ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, թե ինչու է մերժում կառավարությունը ներդրողների մուտքը «Նաիրիտ» գործարան, ինչու չի ուզում «Նաիրիտ»-ն աշխատի: Մենք դա վաղուց ենք ասել, բայց նորից եմ կրկնում` «Նաիրիտ»-ում մեծ չարաշահումներ են եղել, նույնիսկ մենք են ժամանակին հայտարարություններով դիմել քննչական մարմիններին, արձանագրել էինք երկու դեպք, որպեսզի հետաքննություն անեն և պարզեն` «Նաիրիտ» գործարանը, որն արտադրանք էր տալիս, աշխատող գործարան էր, ինչու հասավ այս վիճակին: Այսպիսի արտահայտություն կա, ասում են` չկա գործարան, չկա պրոբլեմ: Ուզում են վերացնել գործարանը, որպեսզի ոչ մի պրոբլեմ չլինի այլևս:

1623 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am