Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հոբելյանական միջոցառումների շարք՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

01:05, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
Հոբելյանական միջոցառումների շարք՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը նախաձեռնել է Պերճ Պռոշյանի ծննդյան 180 և Սայաթ-Նովայի ծննդյան 305-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների շարք: «Եվրոպական ժառանգության օրեր» ամենամյա ծրագրով անցկացվող այս միջոցառումները կսկսվեն սեպտեմբերի 30-ին, ԳԱԹ-ի Աշտարակի մասնաճյուղում՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում։
     Թանգարանի բակում տեղադրված տաղավարներում ներկայացվելու են հին հայկական արհեստները (կավագործություն, փայտագործություն, գորգագործություն, բատիկա, տիկնիկագործություն, կերամիկա), անցկացվելու են վարպետաց դասեր, ցուցադրվելու են հայկական դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ: Առանձին տաղավարում կներկայացվեն նաև հայկական ավանդական անուշեղենը (սուջուխ, ալանի, գաթա, չիր, հալվա):
     Ցանկացողները ոչ միայն կհամտեսեն աշտարակյան բերքն ու բարիքը, այլև կարող են մասնակցել լավաշի, ալանու և սուջուխի պատրաստմանը:
     Այս ամենը կուղեկցվի այգեկութի, խաղողը տրորելու, բերքի ամբարման, լավաշի թխման հետ կապված ծիսական երգ ու պարով և աշուղական մրցույթով, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

3688 | 0
Facebook