Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ո՞նց եք իշխանափոխություն անում` քաղաքապետարանի դարակները քրքրելո՞վ և լույսերը հանգցնելո՞վ». Արամ Հարությունյանը՝ Փոստանջյանին

15:20, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
«Ո՞նց եք իշխանափոխություն անում` քաղաքապետարանի դարակները քրքրելո՞վ և լույսերը հանգցնելո՞վ». Արամ Հարությունյանը՝ Փոստանջյանին

«Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ գործընկեր չունեն: Եթե գործընկեր չունեք, ո՞նց եք իշխանափոխություն անում` քաղաքապետարանի դարակները քրքրելո՞վ և լույսերը հանգցնելո՞վ: Իշխանափոխությունն այն է, որ քաղաքական ուժերն իրար կողք են կանգնում և ժողովրդի հետ միասին հասնում դրան, ոչ թե մեկ հոգին ակցիաներ անի կամ չգիտեմ ինչ անհասկանալի բան»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով քաղաքական դաշտում առկա պասիվության, ընդդիմության գործողությունների մասին, կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Խոսելով ԵԱՏՄ կազմից դուրս գալու «Ելք»-ի նախաձեռնության մասին, քաղաքական գործիչը նշեց, որ այսօր դա չէ հայաստանցու ամենակարևոր խնդիրը: «Ես ուզում եմ «Ելք»-ը մտածի` այսօր, այս փուլում, դա՞ է ամենակարևորը: Սերժ Սարգսյանին ձեռք է տալիս, որ այսօր կան ուժեր, որոնք ուզում են ԵԱՏՄ-ից դուրս գալ: Նա դրանով ռուսներին ցույց կտա, կասի` տեսեք ինչ ուժեր կարող են ասպարեզ գալ, եթե ես չլինեմ իշխանության: «Ելք»-ն այս հարցն իր մի քանի պատգամավորով իհարկե չի լուծելու, բայց սա ահագին ժամանակ քննարկվելու է և շեղելու է հիմնական օրակարգից»,- նշեց նա:

«Եթե մենք սպասում ենք, որ ինչ-որ հարցեր բարձրացվեն պառլամենտում, իզուր է, պառլամենտում ոչ մի հարց չի լուծվելու, եթե իշխանությունը չի ուզում: Պառլամենտում ընդդիմությունը մի քանի հոգի է, ես նկատի ունեմ ֆորմալ ընդդիմությունը: Ես վստահ եմ, որ ամենակարևոր հարցը, Սերժ Սարգսյանի հեռացումը, լուծվելու է ժողովրդական ընդվզման միջոցով` առանց զենքի: Զենքով ընդվզումը պարտություն է, որովհետև իշխանությունն ամենից շատ զենք ունի և նրան ձեռք է տալիս` ցույց տալ, որ դու զինված պայքարի կողմնակից ես»,- նկատեց Ա. Հարությունյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի՝ 2018-ին վարչապետ դառնալու հնարավորության մասին, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ եթե նույնիսկ նա վարչապետ դառնա, միևնույն է` շատ խոցելի կողմեր ունի, ինչը նրան դժվարությունների առաջ կկանգնեցնի: «Հեշտ չի լինելու նրա համար, որովհետև, եթե առաջ իմպիչմենտի գործընթացը դժվար էր, ապա հիմա այդպես չի, հիմա կարող են մի գիշերում այդ պառլամենտի կեսից ավելին միանալ և նրա դեմ դուրս գալ»:

Արամ Հարությունյանի խոսքով, եթե խնդիրը դրված է Կարեն Կարապետյան, թե Սերժ Սարգսյան, ապա որոշողը հանրապետականն է. ժողովուրդն ու քաղաքական մյուս ուժերն այստեղ գործ չունեն:

«Ընտրարշավի ժամանակ, ես չեմ հիշում որևէ քաղաքական ուժի, որն ապրիլյան պատերազմից հետո կանգներ` սուր դիրքերից անվանական խոսեր Սերժ Սարգսյանի և պատերազմի մասին: Եվ այս ֆոնի վրա քննարկել մեկ ուրիշ երկրորդական հարց, թե ասենք Կարեն Կարապետյա՞նը կլինի վարչապետ, թե՞ Սերժ Սարգսյանը, դա արհեստական հարց է»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:

Ա. Հարությունյանը փոխանցեց, որ տեղեկատվություն ունի` «խորհրդարանական ընտրություններին «Հանրապետական» կուսակցությունն ստացել է ընդամենը 3000 ձայն, մնացածը` ռեյտինգայինով են ստացել»: Ըստ նրա, ստացվում է, այդ կուսակցության վարկանիշը 1 % էլ չի, այլ ընդամենը` 0,1 %:

4273 | 1
Facebook