Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մաքսային խաղեր. Թուրքիան ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև

16:30, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
Մաքսային խաղեր. Թուրքիան ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև

Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկում են Թուրքիայի և Եվրասիական տնտեսական միության միջև մաքսային միության հնարավոր համաձայնագրի մասին տեղեկությունները: Ընդ որում, նման համաձայնագրի ստորագրման համար երկու խոչընդոտ կա՝ Թուրքիայի և Եվրոմիության միջև արդեն գործող մաքսային միությունն ու ԵՏՄ անդամներից մեկի՝ Հայաստանի հետ Թուրքիայի բարդ հարաբերությունները, գրում է EADaily պարբերականը:
     Թուրքիայի և Եվրոմիության միջև մաքսային միությունը գործում է 1995-ից, և հարկ է նշել, որ համագործակցելով նման ֆորմատում՝ Թուրքիան միակ երկիրն է, որը ԵՄ անդամ չի հանդիսանում: Միևնույն ժամանակ, Թուրքիան համաձայնվել է ԵՄ-ի և ԵՄ-ից դուրս ցանկացած երկրի միջև բոլոր համաձայնագրերին և որևէ պայմանագիր չի կնքել ԵՄ-ի կազմում չներառված որևէ երկրի հետ ՝ առանց Բրյուսելի թույլտվության:
     Իսկ այժմ Թուրքիան ձգտում է հասնել ԵՄ-ի հետ մաքսային միության պայմանների վերանայմանը, որի համաձայն՝ Անկարան պետք է բացի իր շուկաները երրորդ երկրների համար, որոնք ազատ առևտրի մասին համաձայնագիր կկնքեն ԵՄ-ի հետ: Այդ իսկ պատճառով ԵՄ հարցերով թուրք նախարար Վոլքան Բոզքըրը ժամանակին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է դուրս գալ ԵՄ-ի հետ մաքսային միությունից, եթե հաշվի չառնվեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև Տրանսատլանտյան առևտրի և ներդրումային համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ թուրքական տնտեսական շահերը: Եվ, բնականաբար, Թուրքիան փորձում է բարելավել այդ համաձայնագրի պայմանները:
     Դեկտեմբերին Թուրքիայի տնտեսության նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել էր, որ Թուրքիան համաձայնագրի բարելավման 4 տարբերակ է դիտարկում, ընդ որում, բոլոր տարբերակները ներառում են որոշումների ընդունման հարցում Անկարայի մասնակցությունը: Տնտեսական ոլորտում բարդություններին ավելացավ նաև Թուրքիայի և Եվրոմիության երկրների, մասնավորապես, Գերմանիայի հետ հարաբերությունները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, մեկնաբանելով մաքսային միության համաձայնագրի թարմացման հարցը, ասել էր, որ ներկայում Թուրքիայի հետ մաքսային միությունը չի պլանավորվում ընդլայնել: «Խորացման մասին ևս խոսք լինել չի կարող»,- ասել էր Մերկելը: Այդ խոսքերից անմիջապես հետո Թուրքիայի տնտեսության նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ԵՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր կնքել: Հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի, այս մասով հայտարարել է. «Անհեթեթություն է, որ ԵՏՄ-ին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը՝ Թուրքիայի և ԵՏՄ-ի միջև միակ ցամաքային սահմանը»:
     ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը EADaily պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ դեռևս իրական հիմքեր չկան կարծելու, որ Թուրքիան փոխում է իր արտաքին քաղաքականությունը: Սաֆրաստյանը մեկնաբանել է նաև հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը՝ ռուս-թուրքական մերձեցման համատեքստում: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ընդհանուր առմամբ հնարավորություն չունի որևէ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, և, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացման հարցում: Ըստ թուրքագետի՝ այդ հարցում Թուրքիայի վրա ճնշում կարող է գործադրել ԱՄՆ-ը:
     Միջազգային հարցերով ռուսական խորհրդի ծրագրային տնօրեն Իվան Տիմոֆեևն իր հերթին պարբերականի հետ զրույցում ասել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջին հերթին քաղաքական հարց է, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ավանդաբար խուսափում է քաղաքական հարթության հարցեր բարձրացնել՝ կենտրոնանալով միայն տնտեսության վրա: Տիմոֆեևը նշել է, որ Հայաստանի գործոնն ու նրա շահերն անկասկած հաշվի կառնվեն այդ հարցում: «Իհարկե, Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության մեջ որևէ վատ բան չկա, այն անհրաժեշտ է զարգացնել: Այլ հարց է, որ անհրաժեշտ է հաշվի առնել մյուս անդամների շահերը: Եվ հարցը միայն Հայաստանը չէ, այլև Ռուսաստանն ու ռուս-թուրքական հարաբերությունները: Դա ևս բարդ խնդիր է»,- նշել է նա:

5703 | 0
Facebook