Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանի գործով ձերբակալված Ներսես Պողոսյանի կինը դիմում է փաստաբանների պալատին

11:05, երեքշաբթի, 29 օգոստոսի, 2017 թ.
Ժիրայր Սեֆիլյանի գործով ձերբակալված Ներսես Պողոսյանի կինը դիմում է փաստաբանների պալատին
     Ժիրայր Սեֆիլյանի գործով ազատազրկված Ներսես Պողոսյանի կինը` Ամալյա Պողոսյանը բաց նամակ է հրապարակել, ուղղված Փաստաբանական պալատին
     ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ
     Արա Զոհրաբյանին
    
     «Հարգելի պարոն Զոհրաբյան
     18.08.2017թ. Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ որպես իմ ամուսնու՝ Ներսես Պողոսյանի պաշտպան ներգրավվեց հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը: Մինչ այդ, որպես նրա պաշտպան ներգրավվել էր հանրային պաշտպան Էմիլ Բեգլարյանը, որը սակայն առանձնազրույց ունենալով Ներսեսի հետ և համոզվելով, որ Ներսեսը չի ցանկանում, որ իր շահերը դատարանում ներկայացնի որևէ այլ պաշտպան, բացի իր պայմանագրային պաշտպաններից՝ դիմում էր գրել Հանրային պաշտպանի գրասենյակի նախագահին՝ հրաժարվելով դատարանում ներկայացնել Ներսես Պողոսյանի շահերը: 18.08.2017թ. ներգրավված Մարինե Թովմասյանը ևս առանձնազրույց է ունեցել Ներսեսի հետ Նուբարաշեն ՔԿՀ-ում, որի ժամանակ Ներսեսը պնդել է իր դիրքորոշումը. նա չի լիազորում որևէ պաշտպանի դատարանում ներկայացնել իրեն և պաշտպանել իր շահերը, բացի իր պայմանագրային փաստաբաններ Արայիկ Պապիկյանից և Նինա Կարապետյանցից, որոնք պետք է դահլիճում գտնվեն միայն այն դեպքում, երբ դահլիճում է ինքը՝ Ներսեսը: Ի դեպ, Ներսեսն այս մասին հայտարարել է նաև հրապարակավ՝ դատական նիստի ընթացքում, սակայն դատավորը, շարունակելով իր անտրամաբանական ու հակաօրինական գործողությունները, միևնույն է ներգրավվել է Մարինե Թովմասյանին` որպես Ն. Պողոսյանի պաշտպան:
     ՀՊ Մարինե Թովմասյանը, հաշվի չառնելով Ներսեսի ցանկությունն ու հակառակ գնալով իր «պաշտպանյալի» կամքին, այնուամենայնիվ 25.08.2017թ. դատական նիստին ստանձնեց նրա «պաշտպանությունը»: Տվյալ բառը գրում եմ չակերտների մեջ, քանի որ հենց տիկին Թովմասյանը նիստի ընթացքում քանի անգամ շեշտեց՝ «իմ չակերտների մեջ պաշտպանյալները» : Տիկին Թովմասյանը ինչպես դատական նիստի ընթացքում, այնպես էլ հետագայում մամուլին տված իր հարցազրույցներում, մի քանի անգամ շեշտել է, որ լիազորված չէ Ն. Պողոսյանի կողմից, չի ներկայացնում նրա շահերը և դատարանում ապահովում է զուտ պաշտպանի ձևական ֆիզիկական ներկայությունն ու պատրաստվում է ողջ դատաքննության ընթացքում լռել: Տարօրինակորեն դատավոր Տ. Գրիգորյանը բավականին հանգիստ ընդունեց պաշտպանի այս հայտարարությունը և միայն ձևականորեն հորդորեց բարեխղճորեն կատարել պաշտպանի պարտականությունները:
     Հարգելի պարոն Զոհրաբյան, ինքս ունենալով իրավաբանական կրթություն, ես այնուամենայնիվ չեմ ցանկանում այս նամակում անդրադառնալ պաշտպանության իրավունքին վերաբերող թե ներպետական, և թե միջազգային օրենքների նորմերին, քանզի չեմ կասկածում, որ Դուք դրանք ինձնից շատ ավելի լավ գիտեք:
     Ուզում եմ հարց ուղղել Ձեզ և Ձեր միջոցով ՀՊ Մարինե Թովմասյանին՝ արդյոք տիկին Թովմասյանի՝ Ն. Պողոսյանի շահերը ձևական պաշտպանելու արդյունքում իրացվեց Ն. Պողոսյանի պաշտպանության իրավունքը թե ընդհակառակը՝ կոպտորեն խախտվեց այն՝ էական վնաս հասցնելով Ներսեսի շահերին: Հիշեցնեմ, որ Մ. Թովմասյանի ներգրավումից հետո առանց Ներսեսի ներկայության ընթերցվեց նրա մեղադրական եզրակացությունը, և Ներսեսին նույնիսկ հարց չի տրվել՝ արդյոք հասկանալի է իրեն առաջադրված մեղադրանքը և ընդունում է նա այն թե ոչ: Ներսեսին նաև չեն պարզաբանվել նրա իրավունքներն ու պարտականությունները, ինչը ևս օրենքի կոպիտ խախտում է: Եվ այս ամենն ապահովում է «պաշտպանն»՝ իր լուռ ձևական ներկայությամբ: Դատաքննությունն արդեն գտնվում է վկաների հարցաքննման փուլում, և, բնականաբար, Ներսեսը Մ. Թովմասյանի «թեթև ձեռքով» զրկված է վկաներին հարցեր տալու միջոցով իր անմեղությունն ապացուցելու հնարավորությունից:
     Պարոն Զոհրաբյան, մի՞թե սա է պաշտպանության իրավունքի իրացումը, մի՞թե այս են պահանջում ներպետական և միջազգային օրենքները՝ ասելով, որ յուրաքանչյուր ոք ունի պաշտպանության իրավունք: Տիկին Թովմասյանն իր լուռ ներկայությամբ արդեն իսկ հասցրել է էական վնաս հասցնել իր «պաշտպանյալի» շահերին և նրա հետագա մասնակցությունը որպես ձևական պաշտպան կարող է անդառնալի հետևանքներ ունենալ իմ ամուսնու համար: Քաջ գիտակցում եմ, որ տիկին Թովմասյանի՝ իր պաշտպանյալի շահերին ուղիղ վնաս հասցնող դիրքորոշումը և վարքագիծը հիմք են հանդիսանում նրա հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու համար, սակայն հաշվի առնելով նրա կարգավիճակը՝ չեմ միջնորդում դրա մասին: Խնդրում եմ Ձեզ լուծում տալ այս հարցին և կասեցնել Փաստաբանների պալատի յուրաքանչյուր «պաշտպանի»այնպիսի գործողությունները, որոնք վնաս են հասցնում իմ ամուսնու շահերին կամ նպաստում են նրա իրավունքների ոտնահարմանը»:
    
    
| | |
3380 | 0