Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. ՔԿ

19:25, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1985թ. ծնված տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե ավազակային հարձակման, այլ՝ վիճաբանության ընթացքում:
     Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 21:40-ին, բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային հատվածի ծակած-կտրած վերք, հետին անոթային գծով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1985թ., ով հայտնել էր, որ նույն օրը փողոցում փորձել են հափշտակել իր պարանոցի շղթան, դիմադրել է, որի ժամանակ էլ դանակահարվել է:
     Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի իրական հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ իրականում որևէ ավազակային հարձակում տեղի չի ունեցել, և նա ծանր մարմնական վնասն ստացել է վիճաբանության ընթացքում: Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
     Մասնավորապես՝ պարզվել է, որ տուժողը մասնավոր զրույցներում կարծիք է հայտնել, թե իր կորած հեռախոսն իրականում գողացել է համաքաղաքացին՝ ծնված 1989թ., ինչի մասին վերջինս իմացել է և պարզաբանումներ պահանջել։ 2017թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կողմերը հանդիպել են, խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ էլ 1985թ. ծնված տղամարդը դանակահարվել է։
     Կասկածյալը ձերբակալվել է:
     Նախաքննությունը շարունակվում է:

3113 | 0
Facebook