Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊԵԿ-ն` այլ պետություններում գրանցված մարդատար ավտոմեքենայով ժամանող անձանցից գումար գանձելու մասին

16:50, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
ՊԵԿ-ն` այլ պետություններում գրանցված մարդատար ավտոմեքենայով ժամանող անձանցից գումար գանձելու մասին

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանցից ՀՀ սահմանին գանձվող գումարների վերաբերյալ՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ տուրիզմի զարգացման համար պետք է վերացնել անիմաստ վճարները։
     Պարզաբանման մեջ ասվում է. ««Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի համաձայն` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար գանձվում է յուրաքանչյուր մուտքի համար վճար՝ թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` 10000 դրամ տասնհինգ օրվա համար (20000 դրամ 30 օրվա համար)։
     «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող՝ նախատեսված մինչև 10 մարդ (ներառյալ` վարորդը) մարդատար ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի (նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում) արտանետման դիմաց գանձվում է 3750 դրամ:
     Բանկային միջնորդավճարներ` 200 դրամ:
     Նշենք նաև, որ, Վրաստանի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցներից ՀՀ սահմանին չեն գանձվում վերոհիշյալ վճարները, քանի որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի դրույթներով սահմանված է, որ պայմանավորվող կողմերից (ՀՀ և ՎՀ) մեկի տարածքում գրանցված և սույն համաձայնագրի համաձայն մյուս պայմանավորվող կողմի տարածքում փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաները, փոխադարձության հիմունքներով ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված հարկերից կամ գանձումներից, ինչպես նաև այդ պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր հատուկ գանձումներից կամ տուրքերից:
     ՀՀ-ի և ՌԴ-ի միջև նմանատիպ միջկառավարական համաձայնագրի կնքման դեպքում՝ տվյալ վճարները չեն գանձվի նաև ՌԴ-ում գրանցված տրանսպորտային միջոցներով ՀՀ ժամանող անձանցից:
     Միաժամանակ նշենք, որ 2018 թվականի հունվարի մեկից Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթներով վերացվելու է այլ պետություններում գրանցված մարդատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարների գանձման պահանջը»:
     Նշենք, որ խնդրին անդրադրաձել էր նաև հաղորդավար Կարեն Քոչարյանը. «Հենց նոր իմացա, որ Հայաստան մտնող բոլոր մեքենաները սահմանի վրա վճարում են 14000-24000 դրամ գումար` այդ թվում Ռուսաստանից ժամանող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները, որոնք Հայաստան ժամանելով՝ այստեղ այս կամ այլ կերպ թողնում են հազարավոր դոլարներ: Խոսքս ուղղում եմ Վարդան Հարությունյանին: Հարգելի պարոն Հարությունյան, հավատացեք, որ այդ մարդիկ հաճույքով հազարավոր դոլարներ են ծախսում իրենց հայրենիքում, բայց այդ 30-50 դոլարի համար վիրավորված են հեռանում Հայաստանից: Կարծում եմ, որ այդ հարցը կարելի է շատ հեշտ լուծել, որպեսզի, ինչպես ժողովուրդն է ասում, «ոչ շիշը վառվի, ոչ` քյաբաբը»»:

3823 | 0
Facebook