Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանը որ պաշտոնում ցանկանա, այդ պաշտոնում կլինի, ու դա կուսակցության որոշումն է». Հակոբ Հակոբյանը՝ կրկին քննարկման կենտրոնում

15:20, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
«Սերժ Սարգսյանը որ պաշտոնում ցանկանա, այդ պաշտոնում կլինի, ու դա կուսակցության որոշումն է». Հակոբ Հակոբյանը՝ կրկին քննարկման կենտրոնում
     ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Թունելի Հակոբ») հերթական անգամ աչքի է ընկել՝ համացանցում քննարկման թեմա դարձած հայտարարությամբ: Մասնավորապես, Lragir.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2018-ին Սերժ Սարգսյանի ծրագրերին, պատգամավորն ասել է. «Սերժ Սարգսյանը որ պաշտոնում ցանկանա, այդ պաշտոնում կլինի, ու դա կուսակցության որոշումն է...»։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նկատել է. «Հենց այս մոտեցմամբ էլ կառուցում են իրենց «ժողովրդավարությունը»: Իսկ երբ հարց է հնչել ՀՀ տնտեսության վերաբերյալ, թե ինչո՞ւ չենք ուզում էներգետիկ ոլորտում անկախանալ, հանրապետական պատգամավորն ասել է. «Ես չէի ասի, որ էներգետիկ ոլորտում մենք այդքան կախված ենք... Մեր փոքր հիդրոէլեկտրակայանները Հայաստանի սեփականությունն են, որովհետև բոլոր սեփականատերերը հիմնականում հայեր են»:
     Հիշեցնենք՝ աղմկահարույց էր հատկապես Հակոբ Հակոբյանի պատասխանը, երբ լրագրողներն ամիսներ առաջ հետաքրքրվել էին՝ ինչու որդին չի ծառայել բանակում. «Ճիշտն ասած, մանրամասները չգիտեմ՝ իմ որդին ինչու չի ծառայել, բայց հաստատ գիտեմ, որ չի ծառայել, մնացածը ձեզ կարող եմ հետո տեղյակ պահել»,- ասել էր նա:
     Դե իսկ նրա՝ «հողի ապրող մարդը պետք է զբաղվի հողագործությամբ, իսկ քաղաքում ապրողը պետք է կրթություն ստանա» հայտարարությունն ամենաքննադատվողներից էր: Հիշեցնենք՝ նախորդ տարի, խոսելով աղքատության վերացման մասին, պատգամավորը մի քանի կետ էր մատնանշել. «Կրճատել պետական ապարատում աշխատող մարդկանց քանակը։ Պատկերացրեք մի պետություն, որի երկու ձեռքը ձախ կողմում է, աջը ոչինչ չունի, հիմա հարկավոր է այս պետության երկու ձեռքերը դնել իրենց տեղերը, որպեսզի ամեն ձեռքը ֆունկցիոնալ գործի։ Երկրորդ` մարդիկ, ովքեր ազատվում են, բնական է` պետք է աշխատատեղ ստեղծել ու աշխատանքի իմաստը ծրագրով բաժանված է հետևյալ սկզբունքով` հողի ապրող մարդը պետք է զբաղվի հողագործությամբ, քաղաքում ապրող բնակիչը պետք է կրթություն ստանա այնքան, որ կարողանա զբաղվել փոքր և միջին բիզնեսով...»,- ասել էր Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
4605 | 14
Facebook