Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի մարզում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան

16:10, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Արարատի մարզում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր`
     գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին հետևելու և ոլորտում իրականացվող նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Գոռավան, Փոքր Վեդի, Ոսկետափ և այլ համայնքներ:
     Լրագրողների հետ զրույցում Իգնատի Առաքելյանը նշել է, որ ընթացիկ տարում մարզի հիմնական խնդիրը ոռոգման ջրի սակավությունն է, ինչը պայմանավորված է երաշտով և ջրի պաշարների անբավարար քանակով: Նախարարը հավելել է, որ հնարավորության դեպքում միջոցներ կձեռնարկվեն խնդրի լուծման ուղղությամբ: Այցի ընթացքում Սայաթ-Նովա համայնքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և «ԲԻԳԱՄԱ-ՖՐՈՒՏ» ՍՊԸ-ի տնօրեն Գալուստ Մարանդյանը ստորագրել են համաձայնագիր, որով նախատեսվում է ընկերությանը պատկանող ձկնաբուծարանում ներդնել ջրի խնայողության նորագույն տեխնոլոգիաներ: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էր նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը:
     Ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում ձկնաբուծության ոլորտում ջրային պաշարների այլընտրանքային օգտագործման» ծրագրի շրջանակում: «Ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք ստեղծել մի մոդել, որի հաջողության դեպքում այն հնարավոր կլինի ներդնել Արարատյան դաշտավայրի այլ ձկնաբուծարաններում ևս: Միջազգային փորձագետների հաշվարկներով` այս մոդելով ջրի օգտագործման ծավալները կնվազեն մոտ 75 տոկոսով, իսկ արտադրության ծավալները մի քանի անգամ կավելանան», - նշել է Գայանե Նասոյանը: Ներկայացնելով ձկնաբուծարանի գործունեությունը` Գալուստ Մարանդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են իշխանի, կարմրախայտի, սիբիրյան թառափի և ոսկեփայլ իշխանի բուծմամբ և վաճառքով: Արտադրության ծավալները կազմում են մոտ 100-150 տոննա, արտադրանքը հիմնականում արտահանվում է դեպի Վրաստան և Ռուսաստան:
     Նա նաև շեշտել է, որ հայկական ձկնամթերքը մեծ պահանջարկ ունի արտասահմանյան շուկայում` շնորհիվ որակական և համային բարձր հատկանիշերի:

4351 | 1
Facebook