Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ալիևի հետ սպասվող հանդիպումից Սերժ Սարգսյանը ձեռնունայն չի վերադառնա. «ՀԺ»

10:10, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ալիևի հետ սպասվող հանդիպումից Սերժ Սարգսյանը ձեռնունայն չի վերադառնա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեկամյա ընդմիջումից հետո առաջին անգամ լրջորեն քննարկվում է ԼՂ հարցով նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու հարցը: Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, անցյալ տարվա հունիսին 20-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Այս մեկ տարվա ընթացքում միջազգային միջնորդներն ամեն կերպ փորձում էին Սարգսյանին և Ալիևին կրկին մեկ սեղանի շուրջ նստեցնել, սակայն ապարդյուն: Մեծ դժվարությամբ էր հնարավոր լինում անգամ կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների՝ այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած երկու, թե երեք հանդիպումները: Այնպես որ, հաջողություն էր համարվում անգամ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին նույն սեղանին շուրջ նստեցնելը:

ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու համար Սերժ Սարգսյանը նախապայմաններ ներկայացրեց դեռևս ապրիլյան պատերազմի օրերին, ապրիլի 5-ին ՀՀ-ում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Իսկ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում արձանագրվեց, որ առաջնահերթ պետք է վստահության մեխանիզմներն ամրապնդվեն՝ շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, դիտորդների թվաքանակն ու նրանց տեղակայման վայրը փոխվեն: «Մենք բանակցենք, իսկ այնտեղ կրակեն, որտե՞ղ եք տեսել այդպիսի բանակցություններ»,- խնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն այսպես հիմնավորեց Սերժ Սարգսյանը հարցազրույցներից մեկում:

Ու քանի որ Ադրբեջանը մշտապես խոչընդոտում էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչմանը, բարձր մակարդակով հանդիպման շուրջ որևէ լուրջ գործընթաց չէր նախաձեռնվում:

Եթե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականության մասին խոսեին միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ու համանախագահող երկրների ներկայացուցիչները, դեռ կարելի էր մտածել, որ դա ընդամենը ցանկություն է: Բայց մի քանի այլ հանգամանքներ հուշում են, որ այս անգամ գործ ունենք կոնկրետ գործընթացի հետ, որը, եթե ֆորս մաժորներ չլինեն, կունենա նաև կոնկրետ արդյունք:

Նախ՝ Ալիևի հետ հանդիպելու մասին դրական խոսեց անձամբ Սերժ Սարգսյանը: «Նրանք (ԵԱՀԿ ՄԽ համանախագահները-հեղ.) հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ﬔր դիրքորոշման մասին, ﬔնք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպուﬓերից, որովհետև այդպիսի հանդիպուﬓերը պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց, այնուհանդերձ, ﬔնք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու»,- հուլիսի 17-ի «Ռ-էվոլյուցիայի» հարցազրույցում ասաց Սարգսյանը:

Դրանից մի քանի օր անց Սոչիում Վլադիմիր Պուտինն «առանց փողկապի» զրույց ունեցավ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ԶԼՄ-ների, այդ հանդիպումը նախապես ծրագրված չի եղել, և Վլադիմիր Պուտինը վերջին պահին է Ալիևին հրավիրել Սոչի: Ողջունելով Ադրբեջանի նախագահին, Վլադիմիր Պուտինը նշել է իրենց զրույցի թեման. «Տարածաշրջանում իրավիճակը պարզ չէ, հույս ունեմ մեր այսօրվա հանդիպման ընթացքում կկարողանանք բոլոր դժվար հարցերի լուծումները գտնել»,- ասել է ՌԴ նախագահը: Բնականաբար, խոսքը ԼՂ հիմնահարցի մասին է, որի օրակարգային խնդիրը բանակցությունները վերսկսելն է:

Դրանից հետո ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը անդրադարձավ թեմային: Հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցներում նա հայտարարեց, որ պետք է որքան հնարավոր է շուտ կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ընդգծեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը: «Անհրաժեշտ է շփման գծից և սահմանամերձ գոտուց հետ քաշել դիպուկահարներին, ավելացնել դիտորդների թիվը և տեղադրել հատուկ սարքավորումներ»,- ասաց նա:

Իսկ երեկ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ հայտարարելով, որ համանախագահներն այժմ աշխատում են Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, ասաց, որ ՌԴ-ն մշտապես աջակցել է ղարաբաղյան գոտում լարվածության թուլացման քայլերին, որոնք քննարկվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ: «Մեր կողﬕց անում ենք հնարավորը, որպեսզի կայունացնենք իրավիճակը, ստեղծենք պայմաններ բանակցային գործընթացի շարունակության համար»,- ասել է Զախարովան:

Այս բոլոր հայտարարությունները, իհարկե, փոխկապակցված են և, ըստ էության, այն նախապատրաստական աշխատանքն են, որի մասին «Ռ-էվոլյուցիայի» եթերում խոսում է Սերժ Սարգսյանը: Նա նաև ասում է, որ այդ աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկի վերաբերյալ դիրքորոշում: Չենք կարող ասել, թե հատկապես որ առաջարկը նկատի ունի Սարգսյանը, սակայն այս պահին առնվազն ակնհայտ է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի դիրքորոշումն այն է, որ սպասվող հանդիպման օրակարգում պետք է վստահության մեխանիզմները լինեն: Իհարկե, այս հարցում կարևորն Ադրբեջանի դիրքորոշումն է, որը, վստահ ենք, հստակեցվել է Սոչիում՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Երեկ Մարիա Զախարովան նաև ասել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո նախագահների մակարդակով հանդիպման մասին հայտարարություն կարվի: Զախարովան նկատի ունի հայտարարություն, որ կոնկրետություն կպարունակի Սարգսյան-Ալիևի հանդիպման մասին:

Ռուսական կողմի վստահությունը հեռավոր հույսեր է առաջացնում, որ Ադրբեջանի դիրքորոշումը հնարավոր է եղել մոտեցնել Հայաստանի և ՄԽ համանախագահության դիրքորոշմանը: Իսկ եթե այս ամբողջ նախապատրաստական աշխատանքներից հետո բարձր մակարդակով բանակցություններն ապասառեցվեն, ապա պետք է սպասել շփման գծում որևէ լուրջ, դրական տեղաշարժի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4135 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am