Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԻՆ-ը պետք է լրջորեն մտածի վերազինման մասին. բահերով հրդեհ մարելու հույս ունենալն անլուրջ կառավարում է». Լենա Նազարյան

10:35, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
«ԱԻՆ-ը պետք է լրջորեն մտածի վերազինման մասին. բահերով հրդեհ մարելու հույս ունենալն անլուրջ կառավարում է». Լենա Նազարյան
     Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները երեկ այցելել էին Խոսրովի արգելոց՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:
     Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հայտնում այցից՝ կցելով լուսանկարներ:
     «Ներկայացնում եմ պաշտոնական տվյալներ. «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ի (պարզվում է նրանք կան) արբանյակային պատկերների միջոցով արված հաշվարկի համաձայն, օգոստոսի 13-ի, ժամը՝ 7.30-ի տվյալներով արգելոցի տարածքում այրվել է 683.7 հա տարածք: Արտավան տարածքում (Վայոց Ձորի մարզ, արգելոցի տարածքից դուրս) այրվել է 610 հա տարածք: Քանի որ հրդեհը շարունակվել է նաև օգոստոսի 14 և 15-ին, ապա նշված թվերը կմեծանան: Նոր տվյալների մասին տեղեկություն կստանամ օգոստոսի 23-ին: Այս պահին հրդեհը մարված է: Կային ծխացող ծառերի բներ, բայց դրանք վտանգավոր չէին, քանի որ, միևնույն է, այդ բների շուրջն արդեն այրված էր: Այրվել են հիմնականում գիհու ծառերը, որոնք մի քանի հարյուր տարեկան էին և արգելոցի ամենաարժեքավոր ծառատեսակներից էին: Ըստ էության, այս արգելոցը գիհու անտառներով է հայտնի և արժեքավոր: Այն բոլոր տեղերում, որտեղ կրակը հասել է, գիհու ծառերը ծայրից ծայր արվել են: Մասնագետներն ասում էին, որ հենց դա է արգելոցի անդառնալի կորուստը, որովհետև եթե լայնատերև ծառերը կվերականգնվեն շատ արագ, գիհու դեպքում, եթե երբևէ նոր աճ սկսվի, ապա դա կտևի տասնամյակներ: Դա էլ այն դեպքում, եթե սերմերը խորը հողի տակ մնացած լինեն և սկսեն աճել: Այրված բնից նոր ճյուղեր չեն աճի, որովհետև այդ ծառը լուցկու պես է այրվել՝ ծայրից ծայր: Տնկել չի կարելի, որովհետև արգելոց է ու մարդու միջամտությունն արգելվում է: Լայնատերև ծառերը քիչ էին այրվել, հնարավոր է, որ որոշները գարնանը վերականգնվեն: Ասում են, որ խոշոր կենդանիները (արջ, ընձառյուծ, վայրի խոզ, կատվազգի կենդանիներ) չեն տուժել, բայց մանր կենդանիները, միջատներն ու սողունները, բնականաբար, արագ հեռանալ չէին կարող: Թեև արգելոցի, արտակարգ իրավիճակների ու բնապահպանության նախարարությունների աշխատակիցներն ամեն ինչ արել են, որ կանխեն հրդեհի տարածումը, բայց իրավիճակն այնպիսին է եղել, որ գերմարդկային ուժեր էին պետք հրդեհը հանգցնելու համար: Համապատասխան տեխնիկա չի եղել: Արգելոցն ուներ մի հրդեհաշիջման մեքենա, որը կարող էր եղած ճանապարհներով ջուր հասցնել սարերում բահերով աշխատող մարդկանց, բայց պարզվել է, որ սարքին չի: Իսկ ԱԻՆ-ի հրդեհաշիջման մեքենաներն էկոտուրզիմի համար նախատեսված կածաններով, բնականաբար, չէին կարող անցնել: Ինքնաթիռի աշխատանքը վճռորոշ է եղել՝ հրդեհի տարածումը կանխելու համար: ԱԻՆ-ը պետք է լրջորեն մտածի վերազինման մասին, քանի որ կլիման փոխվում է, լեռնային երկրում չոր եղանակների ժամանակ նման դեպքերն անխուսափելի են ու բահերով հրդեհ մարելու հույս ունենալն անլուրջ կառավարում է: Գոնե փոքր ինքնաթիռ ունենալն ուղղակի կենսական անհրաժեշտություն է:»
6086 | 0
Facebook