Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իսրայելցի նախարարին չհաջողվեց կանխել անօդաչուների սկանդալը. «ՀԺ»

10:15, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Իսրայելցի նախարարին չհաջողվեց կանխել անօդաչուների սկանդալը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Օգոստոսի 14-ին իսրայելական մամուլում սկանդալային արտահոսք հայտնվեց: Ըստ այդմ՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունում հետաքննություն է ընթանում Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունների վերաբերյալ: «Մաարիվ ա-Շաուվա» պարբերականի տվյալներով՝ հետաքննության հիմքում Իսրայելի պաշտպանության նախարարությանը հասցեագրված բողոքն է: Պարբերականի տեղեկություններով, Aeronautics Defence System ընկերության աշխատակիցներն իրենց արտադրանքը վաճառելու նպատակով Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերը փորձարկել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով, և այս փաստով բողոք է ներկայացվել նախարարությանը: Միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, ընդ որում՝ ընկերության երկու օպերատորները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների խնդրանքը, որովհետև ռազմական տեխնիկան կենդանի թիրախների վրա փորձարկելն արգելվում է իրենց երկրի օրենքով, և ընկերության ղեկավարները ստիպված են եղել անձամբ կառավարել անօդաչու սարքը, որը, սակայն, վրիպել է: Սույն ընկերությունն ու Իսրայելում ՀՀ դեսպանը հերքում են այս տեղեկատվությունը, իսկ հայկական տիրույթում փորձ է արվում հասկանալ, թե ով է կանգնած արտահոսքի ետևում, արդյոք դրանով ինչ-որ երրորդ կողմ ցանկանում է փչացնել հայ-իսրայելական հարաբերությունները, կամ գուցե մրցակից ընկերություններից մե՞կն է Aeronautics Defence System-ին վատություն անում և այլն: Տվյալ դեպքում, սակայն, ավելի կարևոր է, թե ով է այդպիսի բովանդակությամբ բողոք ներկայացրել Իսրայելի պաշտպանական գերատեսչությանը: Երևանն այս սկանդալում, կարծես թե, ամենևին էլ պասիվ դիտորդի դերում չէ: Սրա մասին է թերևս վկայում նաև Իսրայելից բավական բարձր մակարդակով կազմակերպված այցը Հայաստան: Հուլիսի 25-27-ին Երևանում էր այդ երկրի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Սա լուրջ այց էր, որովհետև վերջին 10 տարվա ընթացքում Իսրայելից որևէ նախարար չէր այցելել Հայաստան: Ընդ որում, Հանեգբին հարուստ փորձով և կենսագրությամբ պաշտոնյա է, որը երկար տարիներ համակարգել է իսրայելական հատուկ ծառայությունների աշխատանքը: Հայ-իսրայելական հարաբերությունների տրամաբանության մեջ հիմա ընդհանրապես նման բարեկամական այց չէր մտնում: Այնպես որ, չի բացառվում, որ նախարարը եկել էր անօդաչուների հետ կապված դիմումի հետքերով, լուծումներ գտնելու և սկանդալից խուսափելու նպատակով:
     Հ.Գ. Ըստ իսրայելական մամուլի հրապարակման՝ իսրայելական ընկերության ներկայացուցիչները հայկական դիրքերին անօդաչու սարքով հարված են հասցրել մոտ մեկ ամիս առաջ, այսինքն՝ հուլիսի առաջին կեսին: Հենց այդ ժամանակահատվածում էր հերթական անգամ լարվել իրավիճակը շփման գծում, հայ զինվորներ վիրավորվեցին, իսկ հայկական կողմի պատասխան գործողությունների հետևանքով ադրբեջանցի փոքրիկ զոհվեց»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

5372 | 0
Facebook