Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էլվինա Մակարյանն այսօր կդառնար 67 տարեկան

16:45, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Էլվինա Մակարյանն այսօր կդառնար 67 տարեկան
     Այսօր ջազ երգչուհի Էվելինա Մակարյանի ծննդյան օրն է, նա կդառնար 67 տարեկան
     Նա վաղ տարիքից մեծ սեր և ձգտում է ունեցել երաժշտության նկատմամբ։ 12 տարեկանում մասնակցել է դպրոցական քաղաքային օլիմպիադային, որտեղ առաջին հաղթանակն է ունեցել։
     Էլվինան հիմնականում կատարել է Շառլ Ազնավուրի և Ռոբերտո Լորետիի երգերը՝ դաշնամուրով նվագակցելով ինքն իրեն։ Նկատելով երգչուհու տաղանդը՝ Մարտին Վարդազարյանը նրան հրավիրել է իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում Էլվինան առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ։ Հետագայում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից առաջարկ է ստացել երգել նրա «Կռունկ» վոկալ-գործիքային անսամբլում։
     Էլվինա Մակարյանը «Կռունկում» կատարելագործվել է որպես ջազային երգչուհի։ Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար։ 1980-ականներին Կոմկուսի Կենտկոմը փաստորեն «տնային կալանքի» է ենթարկում նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով։ Նույնիսկ այդ տարիներին՝ 1986-1989 թթ., նա չի դադարել ստեղծագործել։ 1989թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ թողարկել է երեք ձայնասկավառակ, բացել սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ, գրել երգեր: «Հայրենիքում վախի օրեր շատ ապրեցի»,- ասել է երգչուհին։
     1990-ականների սկզբներին վերադարձել է Հայաստան: Նորանկախ հայրենիքում երգչուհին ունեցել է մի քանի հիթեր՝ «Յարո ջան», «Երևան»: Մինչև 90-ականների վերջ Էլվինան մնացել և ստեղծագործել է հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնել է ԱՄՆ, որտեղ շարունակել է իր գործը սեփական ստուդիայում։
     2007 թվականի հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանին հայտնաբերում են անշնչացած սեփական բնակարանում։ Պաշտոնապես նրա մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը։ Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել և կյանքին վերջ է դրել ատրճանակի օգնությամբ։ Վերջինս կտակել էր իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին: Կտակով նա խնդրել էր նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել։ Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար:
Այսօր Էլվինա Մակարյանի ծննդյան օրն է
14737 | 1
Facebook