Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞. վարչապետը դրա համար լուրջ հիմքեր ստացավ. «ՀԺ»

10:45, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞. վարչապետը դրա համար լուրջ հիմքեր ստացավ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խոսրովի արգելոցի տարածքում և Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհները բացի բնապահպանական հետևանքներից, քաղաքական հետևանքներ նույնպես կունենան:
     Այսօր արդեն մինի «պատերազմ» սկսվեց ԱԻ և բնապահպանության նախարարությունների միջև: Բանն այն է, որ երեկվա հոդվածում մեջբերել էինք օգոստոսի 8-ի ԱԻ նախարարության տարածած հաղորդագրությունից մի հատված, որով նախարարությունը խորհուրդ էր տվել «Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր»: Նաև հարց էինք բարձրացրել, թե ում էր ուղղված այդ խորհուրդը, այսինքն՝ որն էր պարտականություններում թերացած գերատեսչությունը:
     Այսօր ԱԻՆ-ը, արձագանքելով հրապարակմանը, տվեց այդ հարցի պատասխանը: Մեջբերելով «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի, ՀՀ Անտառային օրենսգրքի համապատասխան հոդվածները, ԱԻՆ-ը սլաքներն ուղղեց դեպի բնապահպանության նախարարություն:
     Ասել է թե, հսկիչ կետեր ստեղծելու պարտականությունը Բնապահպանության նախարարությանն էր, ինչը, սակայն, չի արվել:
     Երկու խոշոր հրդեհներից հետո Բնապահպանության նախարարությունում սթափվել են և այժմ բազմաթիվ տարածքներում խստացված և շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: Այսօր հայտնի դարձավ, որ երեկ հակառակորդի արձակած կրակահերթից հրդեհ է բռնկվել «Արևիկ» ազգային պարկի տարածքում, որը մի քանի ժամվա ընթացքում մարվել է: Այս մասին հաղորդագրություն տարածեց ԲՆ-ն: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ տարածքում իրականացվում է խստացված հերթապահություն: Բացի այդ, նշվում է, որ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում բնապահպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող «Զիկատար բնապահպանական կենտրոն», «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ների տարածքներում, «Արփի լիճ», «Դիլիջան», «Սևան» ազգային պարկերում:
     Իսկ ինչո՞ւ այս ամբողջ հրդեհավտանգ ժամանակահատվածում շուրջօրյա հերթապահություն չէր իրականացվում Խոսրովի արգելոցում: Սա, իհարկե, արդեն ուշացած հարց է:
     Ինչ վերաբերում է Բնապահպանության և ԱԽ նախարարությունների միջև ծագած «պատերազմին», ապա նախարար Արծվիկ Մինասյանը, ի պատասխան ԱԻ նախարարության տարածած պարզաբանմանը, «Արմենպրեսին» փոքրիկ հարցազրույց տվեց, որտեղ փորձում էր արդարանալ: «Թեև կանխարգելիչ բազմաթիվ գործողողություններ են ձեռնարկվել, սակայն հրդեհից խուսափել չի հաջողվել»,-ասում է Մինասյանը և բացատրում, թե ինչ էական վնաս է հասցրել հրդեհը արգելոցին, հարյուրամյա ծառերին և կենդանական աշխարհին:
     Իրավիճակի քաղաքական կոմպոնենտը լավ պատկերացնելու համար պետք է հիշենք, թե ինչ պայմաններում է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը նշանակվել նախարար և այս ընթացքում քանի անգամ է մամուլում շոշափվել վարչապետի և ՀՅԴ-ական նախարարների անհարթ հարաբերությունների թեման:
     Արծվիկ Մինասյանը այդ պորտֆելը մասնավորապես ստացավ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերության հուշագրի շջանակներում և ի սկզբանե թիրախավորվեց վարչապետի կողմից: Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորման փուլում Կարեն Կարապետյանն, ըստ մամուլի հրապարակումների, փորձում էր դաշնակցական նախարարներին, ավելի կոնկրետ՝ Արծվիկ Մինասյանին և Կրթության և գիտություն նախարար Լևոն Մկրտչյանին փոխարինել ավելի երիտասարդ կադրերով: Արծվիկ Մինասյանի դեպքում էական էր նաև այն հանգամանքը, որ նա տնտեսագետ է, հեռու բնապահպանության ոլորտից, մինչդեռ նրա փոխարեն առաջարկվում էր ոլորտի պրոֆեսիոնալ, ժամանակակից կրթությամբ և շատ ավելի մեծ ավյունով թեկնածու:
     Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հակասությունների արդյունքում վարչապետը այդպես էլ չկարողացավ իր մտադրությունը կյանքի կոչել: Հիմա, իհարկե, դժվար է ասել, եթե Բնապահպանության նախարարը ժամանակին փոխվեր, արդյոք նոր նախարարն ավելի պատասխանատո՞ւ կգտնվեր, և վերջին կործանարար հրդեհներից հնարավո՞ր կլիներ խուսափել: Բայց որ Արծվիկ Մինասյանը ձախողել է, ակնհայտ է:
     Կառավարության առաջիկա նիստերի ժամանակ մենք, իհարկե, դեռ կլսենք թեմայի շուրջ վարչապետի և Մինասյանի երկխոսությունը, որը պետք է որ շատ հետաքրքիր ու դիտարժան լինի: Մինասյանի ձախողումը կարող է նաև նորից բորբոքել նրան փոխելու՝ Կարեն Կարապետյանի ցանկությունը: Այս անգամ վարչապետը շատ ավելի լուրջ հիմեքր ունի դրա համար:
     Դատելով, սակայն, այսօր նախագահական նստավայրում անցկացված խորհդակցության կադրերից, որտեղ Սերժ Սարգսյանը բավական փաղաքշական տոնով է դիմում Բնապահպանության նախարարին, կարելի է կանխատեսել, որ առաջիկայում նույնպես Արծվիկ Մինասյանը կվայելի Սերժ Սարգսյանի լիակատար հովանավորությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

7458 | 0
Facebook