Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կուզեի, որ կրթական համակարգն առաջին հերթին զբաղվեր կրթությամբ, այլ ոչ թե ընտրություններ կազմակերպելով». Ռուբեն Բաբայանը՝ 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու մասին

15:35, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
«Կուզեի, որ կրթական համակարգն առաջին հերթին զբաղվեր կրթությամբ, այլ ոչ թե ընտրություններ կազմակերպելով». Ռուբեն Բաբայանը՝ 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու մասին

«Ես մեծ գիտակ չեմ, բայց սեփական երեխաների օրինակով կարող եմ ասել, որ իրականում այս ամենը մի քիչ ձևական բնույթ է կրում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու որոշմանը, կարծիք հայտնեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
     «Բոլոնիայի համաձայնագրով` պետք է համապատասխան ձևը լցվի համապատասխան բովանդակությամբ, ինչը որ մեզ մոտ չի արվում և իրականում կարծես այդ վերջին 3 տարին չգիտեն՝ ինչով լցնեն: Ստացվում է, որ ավելանում է ևս 2 տարի, բայց կրթական ինչ նոր աստիճանի վրա է կանգնում` անորոշ է: Եթե անորոշություն չլիներ, երեխաները լավ զբաղված կլինեին»,- համոզված է Ռուբեն Բաբայանն, ում կարծիքով, եթե մենք չենք փոխում բովանդակությունը, փոփոխությունը դառնում է ձևական:
     Ռեժիսորը գտնում է, որ իրականում ճիշտ է 12 տարվա կրթությունը, որը բերում է ավելի խորացված կրթության, որը միտված է օգնելու աշակերտին ճիշտ կողմնորոշվել և որոշման մեջ հաստատվել: Սակայն, նա նկատում է, որ մեզ մոտ մեծ թերացում կա բովանդակության տեսանկյունից:
     «Ես խոսում եմ՝ ելնելով զուտ պրակտիկայից: Մի քանի տարի առաջ մեծ տղաս ավարտեց, այս տարի` փոքր տղաս, և ես տեսա, որ այդ վերջին 3 տարին, փոխանակ կրթությունը դառնար ավելի ծավալուն, ավելի շատ ջանք պահանջեր, դարձավ ձևական ժամանց, որն ավարտվում է համապատասխան ուսուցիչների հետ պարապելով»,- պատմեց մեր զրուցակիցը:
     «Ամբողջ աշխարհում հանված է ընդունելության քննություններ ասվածը, իսկ բոլոր այն առարկաները, որոնք պետք են բուհ ընդունվելու համար, այդ որոշակի չափանիշը պետք է ապահովի դպրոցը: Ունե՞նք մենք դա, ցավոք` ոչ»:
     Ռուբեն Բաբայանը հիշեց, որ իր սովորելու տարիներին մինչև 10-րդ դասարան անցնում էին բոլոր այն առարկաները, որոնց մեծ մասը հետագայում պետք չէր: «Դառնում էր զուտ ժամանակի կորուստ և չէինք կարողանում խորանալ այն առարկաների մեջ, որոնք մեզ պետք էին գալու մեր հետագա կյանքում: Իսկ ավագ դպրոցի իմաստն իրականում հենց դա է, որ 9-րդ դասարանից հետո երեխան հնարավորություն ստանա խորանալ այն առարկաների մեջ, որոնք իրեն պետք են գալու ապագայում: Մեծ թերացում է, որ ընտրեցինք ավագ դպրոցի այս ձևը, բայց բովանդակային տեսակետից թողեցինք նույնը»,- նկատեց բեմադրիչը:
     Ռուբեն Բաբայանը ցանկանում է, որ համակարգում առաջին հերթին մի բան փոխվի. «Կուզեի, որ կրթական համակարգն առաջին հերթին զբաղվեր կրթությամբ: Եթե խնդիրը դնում ես լավ կրթություն ստանալ, ճանապարհին կարող են լինել որոշակի թերացումներ ու վիրպումներ, ոչինչ, բայց, երբ հիմնական խնդիրը կրթությունն է, այլ ոչ թե ընտրություններ կազմակերպելը:
     Որպես թատրոնի ռեժիսոր Ռուբեն Բաբայանը վստահեցրեց, որ ներկայացումը հաջողված է, երբ ձևն ու բովանդակությունը համապատասխանում են իրար: Ձևն առանց բովանդակության, և հակառակն` անիմաստ է»:

8530 | 0
Facebook