Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Օգոստոսի 8-ին ԱԻՆ-ը խորհուրդ էր տալիս հակահրդեհային հսկիչ կետեր ստեղծել. ում էր ուղղված այն. «ՀԺ»

09:55, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Օգոստոսի 8-ին ԱԻՆ-ը խորհուրդ էր տալիս հակահրդեհային հսկիչ կետեր ստեղծել. ում էր ուղղված այն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը ատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային և բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին»,- սա մի հատված է ԱԻ նախարարության օգոստոսի 8-ին տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ նաև կետ առ կետ նշված են այն գործողությունները, որ խստիվ արգելվում են հրդեհավտանգ իրավիճակներում` բուսածածկ տարածքներում խարույկ վառել, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ և այլն:
     Նույն հաղորդագրության մեջ նաև ասվում է.
     «Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով:
     Հրշեջները պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին»:
     Սույն հաղորդագրությունից երկու օր անց՝ օգոստոսի 10-ին հրդեհ բռնկվեց Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարող տարածքում, իսկ օգոստոսի 12-ից այրվում է Խոսրովի անտառը: Եվ ինչպես կանխատեսված է ԱԻՆ հաղորդագրության մեջ, հրշեջները ամբողջ ուժով կատարում են իրենց պարտականությունները, բայց զգալի արդյունք չեն գրացում, իսկ Խոսրովի անտառում հրդեհը ամեն ժամ ավելի ու ավելի է տարածվում:
     Արդեն մի քանի օր է բնապահպանները հաշիվ են պահանջում ԱԻ նախարարությունից, քննադատում են կանխարգելիչ միջոցառումները պատշաճ չիրականացնելու եւ արդեն բռնկված հրդեհը մարելու համար համապատասխան տեխնիկական բազա չունենալու համար:
     Նախարարության ներկայացուցիչներն իրենց հակափաստարկներն են ներկայացնում: Օրինակ, որ 14 տարվա մեջ առաջին անգամ է Հայաստանում նման ծավալի հրդեհ արձանագրվում, Խոսրովի արգելոցի տեղանքն անանցանելի է, քամու ուղղությունը նպաստում է հրդեհի տարածմանը, հրդեհաշիջման համար նախատեսած ինքնաթիռ չկա և այլն:
     Նախարարության արդարացումնեն ըմբռնելի են, բայցևայնպես որոշակի հարցեր իսկապես առաջանում են:
     Օրինակ՝ ի՞նչ է նշանակում ԱԻՆ հաղորդագրության մեջ նշված հետևյալ հատվածը. «Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով»:
     Ո՞ւմ է ուղղված այս խորհուրդը, ո՞վ պետք է հսկիչ կետեր ստեղծեր: Ստեղծվե՞լ են արդյոք այդ կետերը, թե՞ ոչ: Կամ արդյո՞ք անցած օրերը գնահատվել են որպես առավել հրդեհավտանգ ժամանակահատված: Եվ ո՞վ պետք է գնահատեր:
     Նման հաղորդագրություն տարածելու փաստն, իհարկե, դրական է եւ ցույց է տալիս, որ ԱԻՆ-ում համենայնդեպս քնած չեն եւ մոտավորապես կասկածում էին, որ հնարավոր են նման զարգացումներ: Բայց կարծես թե հաղորդագրությունով էլ ամեն ինչ ավարտվել է: Որովհետև, վերլուծելով իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը, ակնհայտ է դառնում, որ այն, ինչ գրված է, կյանքի չի կոչվել:
     ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Tert.am-ի հարցին, թե կա՞ նախնական վերլուծություն, թե որն էր այս տարի հանրապետությունում նման հրդեհավտանգ իրավիճակի պատճառը, պատասխանում է. «2017թ. ամառն աչքի ընկավ ոչ միայն բարձր ջերմաստիճանով, այլև՝ տեղումների տևական բացակայությամբ: Հանրապետության տարածքում և, նույնիսկ, տարածաշրջանում, շուրջ մեկ ամիս է՝ ջերմաստիճանն առավոտյան ժամերին անցնում է 30 աստիճանը, իսկ առանձին շրջաններում գերազանցում 40-ը: Սա նպաստավոր գործոն է հրդեհային իրավիճակի կտրուկ վատացման համար»:
     Այսինքն, ամեն դեպքում, սույն ժամանակահատվածը առավել հրդեհավտանգ գնահատելու բոլոր հիմքերը կային:
     Մոտ մեկ ամիս առաջ, հուլիսի 19-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության ղեկավարման խորհրդի առաջին նիստը: Այն խորհրդակցական մարմին է, որում ընդգրկված են գրեթե բոլոր նախարարություները առընթեր մարմինները: Խորհուրդը քննարկում էր աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը, թիրախները: Լուրջ քննարկում, լուրջ դեմքերով:
     Դրանից մեկ շաբաթ առաջ աղետների ռիսկի կառավարմանը նվիրած մեկ այլ, ավելի շքեղ միջոցառում կազմակերպվեց: Կապանում մեծ հանդիսավորությամբ ներկայացվեց նախարարության կողմից մշակված «Համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու օրինակելի պլանը»: «Համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները կնպաստեն համայնքներում սպառնացող վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակչության և գույքի պաշտպանության պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև՝ խոշոր աղետների պայմաններում համայնքի բնակչությանը վարքականոնների և ինքնապաշտպանության ունակությունների պատրաստմանն ու աղետակայուն համայնքի կառուցմանը»,- նշված է համապատասխան հաղորդագրության մեջ:
     Նման բովանդակությամբ միջոցառումների պակաս չի զգացվում: Դրանց մեծ մասի համար լուրջ դրամաշնորհներ են տրամադրվում միջազգային կառույցների եւ կազմակերպությունների կողմից: Հայաստանի նման փոքր երկրում, երբ խոսքը անծայրածիր անտառների մասին չէ՝ ինչպես օրինակ ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում, թվում է, թե այս ամենի արդյունքում պետք է հնարավոր լիներ իրավիճակն իսկապես վերահսկողության տակ պահել: Մինչդեռ Խոսրովի անտառն արդեն երեք օր այրվում է»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

5225 | 0
Facebook