Շամիրամ համայնքի բնակիչները բողոքում են, որ անբավարար ջրի պատճառով չորացել է գյուղի 600 հա վարելահողերի գրեթե կեսը:
«Շամիրամ ջրանցքի վրա կան ՀԷԿ-եր և ամբողջ ջուրը գյուղացուն հասնելու փոխարեն գնում է ՀԷԿ-երին»,- գանգատվում են տեղաբնակները` նշելով, որ արդեն մեկուկես ամիս է՝ «ջրի երես» չեն տեսել:
Ջրբաժաններից ում հետ խոսում ես, ասում ես` ջուր տվեք, ասում են` չկա, Սևանը պիտի մեզ ջուր տա, ՀԷԿ-երը պիտի տան, որ մենք էլ գյուղացուն տանք: Չեն տալիս, դրա համար էլ չենք կարողանում ձեզ ջուր տալ:
Էդ ոնց ա` տեսնում եմ քո 100 հեկտարանոց այգին ամեն ձևի ծաղկել է, բայց խեղճ գյուղացու փոքր հողակտորները վառվել են: Էն որ ասում են` կուշտն ի՞նչ գիտի սովածը որնա...»:
Նույն վիճակում են նաև Շամիրամին հարակից այլ գյուղերը:
«Վերևից կրակ ա թափվում` ջուրն էլ մեր գլխին են կտրում»,-գանգատվում են Աղձք համայնքի բնակիչները: Մատերս ցավում ա` վեդրոյով ջուր կրելով ծառ ջրել կլինի՞»,- նեղսրտել է տարեց մի կին:
Շամիրամցիների պնդմամբ՝ այն, որ Սևանի ջուրը գյուղացուն չի հասնում, գիտեն թե´ մարզպետարանում, թե´ կառավարությունում: Նրանց խոսքով` երբ ջրի վարձը ժամանակին չեն մուծում, դատարանով են այն բռնագանձում, հիմա ո՞վ է փոխհատուցելու վառված դաշտերի և այն պայմանագրի խախտման համար, որով իրենք, ըստ գրաֆիկի, պետք է ջուր ունենային, բայց չունեն: