Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչու է Վանաձորի համատիրությունների մեծ մասը հրաժարվում իր աշխատանքը ներկայացնելուց և ինչու է նրանցից 18-ն անհետացել ցանկից». Քրիստ Մարուքյան

17:05, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
«Ինչու է Վանաձորի համատիրությունների մեծ մասը հրաժարվում իր աշխատանքը ներկայացնելուց և ինչու է նրանցից 18-ն անհետացել ցանկից». Քրիստ Մարուքյան

Հիմք ընդունելով հետընտրական բակային հանդիպումների ընթացքում բնակիչների կողմից հնչած բազմաթիվ բողոքները՝ դեռևս հուլիս ամսվա ընթացքում ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գրություններ էր ուղարկել համայնքապետարանի պաշտոնական կայքէջում նշված 59 համատիրությունների ղեկավարներին։
     Խնդրել էինք տրամադրել ամբողջական տեղեկատվություն 2016-2017թ. և 2017թ. առաջին կիսամյակում տվյալ համատիրության պատասխանատվության տակ գտնվող շենքերից գանձված անդամավճարների ընդհանուր գումարի վերաբերյալ, ներկայացնել այդ ժամանակահատվածի յուրաքանչյուր ամիս իրականացված աշխատանքների բացված հաշվետվություն: Նաև տրամադրել համատիրության հիմնադիր արձանագրության պատճենը և բնակիչների հետ կնքվող պայմանագրի օրինակ:
     Գրությունների պատասխաններին սպասելու ընթացքում, հերթական անգամ vanadzor.am կայքում տեղադրված տվյալներն ուսումնասիրելիս նկատեցինք, որ ցանկից պակասել են 18 համատիրություններ։ Ենթադրեցինք, որ կայքում թարմացումներ են կատարվել և չգործող համատիրությունները հանվել են ցանկից։ Սակայն, երբ սկսեցինք պատասխան նամակներ ստանալ, պարզեցինք հասցեատերերի, ովքեր այդ անհետացած 18-ից էին։ Հետագայում աշխատանքներն ավելի ծավալուն փուլ անցան և հայտնաբերեցինք համատիրություններ, որոնք աշխատանք են ծավալում, բայց ցանկում չեն ներառվել ոչ՛ նախկինում և ո՛չ էլ «թարմացումներից» հետո։ Նոր և հին ցանկերի տարբերությունները՝ կից նկարներում....
     Իսկ վերջերս, հանկարծ հասկանալով, որ համատիրությունները համայնքային ենթակայության հիմնարկներ չեն հանդիսանում՝ համայնքապետարանը որոշեց ընդհանրապես հեռացնել համատիրությունների ցանկը կայքից, իբր դրանք այդտեղ չեն էլ եղել։
     Մեր հարցումները հիմնված են եղել տեղեկատվության ազատության օրենքով կարգավորվող այն դրույթի վրա, ըստ որի, ի թիվս այլոց, հանրային նշանակության կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են տրամադրել տեղեկատվություն իրենց գործունեության վերաբերյալ, գործել թափանցիկ և հաշվետու։
     Համատիրությունների մեծ մասը հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել հենց այն հիմնավորմամբ, որ իբր հաշվետու են միայն իրենց համատիրությունների անդամներին, սակայն մի բան պարզ է, որ եթե լիներ կատարված աշխատանք, ապա դա կներկայացվեր մեծ ուրախությամբ ու հպարտությամբ, իսկ դրանից խուսափելը՝ միայն նշանակում է, որ չկա արված աշխատանք կամ ներկայացնելու որևէ բան։
     «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ չգործող, հանրությանը ծառայություններ չմատուցող համատիրությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, իսկ բնակիչները պետք է ձևավորեն նոր՝ իրական համատիրություններ, որոնք կզբաղվեն իրենց խնդիրների լուծմամբ, անիմաստ ու անպատասխանատու դրամահավաքություն կատարելու փոխարեն։

7363 | 0
Facebook