Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե ՌԴ-ԱՄՆ հակասություններն իրենց զգացնել տան նաև ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում, ապա հայ բանակցողները դժվար թե կարողանան չեզոքացնել մարտահրավերները». Արման Մելիքյան

15:20, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
«Եթե ՌԴ-ԱՄՆ հակասություններն իրենց զգացնել տան նաև ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում, ապա հայ բանակցողները դժվար թե կարողանան չեզոքացնել մարտահրավերները». Արման Մելիքյան

MAMUL.am-ի զրուցակիցն է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
    
    
- Պարոն Մելիքյան, այս օրերին շատ վերլուծաբաներ կարծիքներ են հայտնում, որ ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ուղղակիորեն անդրադառնալու են փոքր պետությունների վրա, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է: Նույնիսկ խոսք է գնում Հայաստանի տնտեսության անկման մասին` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ մեր պետությունը չափազանց ամուր է կապված Ռուսաստանի տնտեսության հետ և ռուսական տնտեսության անկման բացասական ազդեցությունն անխուսափելի է: Դուք ի՞նչ կարծիքի եք:
    
    
- Ես ավելի հավանական եմ համարում այն, որ ԱՄՆ վարչակազմը կնախընտրի Հայաստանի պարագայում այնպիսի գործելակերպ որդեգրել, որի շնորհիվ հնարավոր կլինի Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներից մեր երկրին բաժին ընկնող հնարավոր տնտեսական վնասները փոխհատուցել որոշ ոլորտներում ամերիկյան ներդրումներ ներգրավելու միջոցով: Այս կերպ կընդգծվի, որ պատժամիջոցները խիստ հասցեական են, ուղղված են կոնկրետ Ռուսաստանի դեմ, իսկ Կրեմլի դաշնակիցներին էլ ցույց կտրվի վերջիններիս համար պատժամիջոցների բացասական անուղղակի հետևանքներից խուսափելու համար միանգամայն արդյունավետ տարբերակը՝ ԱՄՆ-ի հետ առարկայական տնտեսական համագործակցության դաշտում: Ճիշտ է, ամենայն հավանականությամբ, պաշտոնական Վաշինգթոնը հենց համագործակցություն է առաջարկելու, այլ ոչ թե կոռումպացված, ձրիակեր իշխող վերնախավի մակաբույծ ախորժակների բավարարում, ինչը ենթադրում է, որ կամ ՀՀ գործող իշխանությունը պետք է որակապես փոխվի, կամ էլ ինչ-որ մի պահի տեղի կունենա իշխանափոխություն և պահանջվող որակները կապահովեն նոր մարդիկ:
    
     - Կարծիք կա նաև, որ ԱՄՆ-ՌԴ առճակատումը կարող է ազդել ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Ի՞նչ կասեք այս մասին:
    
    
- Դրա հավանականությունն, իսկապես, առկա է: Ցավոք սրտի, մեր ներկայիս բանակցային դիրքերն այնքան խարխուլ ու խոցելի են, որ եթե ռուս-ամերիկյան հակասություններն իրենց զգացնել տան նաև հակամարտության կարգավորման գործընթացի տիրույթում, ապա հայ կառավարիչներն ու բանակցողները դժվար թե ունակ գտնվեն դրանից բխող մարտահրավերներն արդյունավետորեն չեզոքացնել: Մեզ նոր բանակցային օրակարգ է անհրաժեշտ, սակայն գործող իշխանություններն այդ ուղղությամբ քայլ անգամ չեն ցանկանում կատարել:
    
     - Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը պահանջի իր հետ մի դաշինքում գտնվող երկրներից` սահմանափակել կապերը Արևմուտքի հետ: Նման դիտարկում ևս հնչեց այս օրերին:
    
     - Դա ծայրահեղ քայլ կլինի, որը Կրեմլի կատարյալ քաղաքական հուսալքության վկայությունը կդառնա: Կարծում եմ, որ առայժմ պաշտոնական Մոսկվան կնախընտրի օգտագործել իր ձեռքի տակ առկա բոլոր ռեսուրսներն Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները կարգի բերելու համար, իսկ մեր Սփյուռքն այդ առումով կարող է օգտակար լինել: Եթե սահմանափակվեն ԱՄՆ-ի ու վերջինի դաշնակիցների հետ Հայաստանի համագործակցության հնարավորություններն, ապա նաև կկորսվի Ռուսաստանի առաջնային շահերի ապահովման հարցում սփյուռքահայության աջակցությունն ստանալու հեռանկարը, մինչդեռ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում ՌԴ տարբեր օղակներ այդ աջակցությունը ստանալու և համակարգելու ուղղությամբ ակտիվ աշխատանք են իրականացրել:

4436 | 0
Facebook