Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իրենք իրենց համար ստեղծել են իշխանություն, նշանակել ընդդիմություն և այս համատարած լկտիության մեջ դեռ մի հատ էլ վարկանիշի մասի՞ն են խոսում». Գագիկ Սարուխանյան

12:25, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
«Իրենք իրենց համար ստեղծել են իշխանություն, նշանակել ընդդիմություն և այս համատարած լկտիության մեջ դեռ մի հատ էլ վարկանիշի մասի՞ն են խոսում». Գագիկ Սարուխանյան

«Դուք իսկապես կարծում եք, որ Հայաստանում կա իշխանության վարկանիշ, որ մի բան էլ գցեն կամ չգցե՞ն: Դուք իշխանության մեջ եղած մարդկանց վարկանիշների տարբերության մասի՞ն եք խոսում: Ի՞նչ վարկանիշ գցելու մասին է խոսքը, իրենք երկուսն էլ Պուտին պապայի դրածոներն են: Սերժիկին կանչեց, մի գիշերվա մեջ ստորագրել տվեց ԵԱՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը, նույնն էլ մյուսին` մի գիշերվա մեջ կանչեց և ասեց, որ սրան էլ վարչապետ եմ նշանակում: Ես կոնկրետ Կարեն Կարապետյանի անձի նկատմամբ հարց չունեմ, բայց այն, որ նա պուտինյան ռեժիմի ներկայացուցիչ է, ինձ համար արդեն հակադիր ֆրոնտի մարդ է»,- մեկնաբանելով կարծիքները, որ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը ջանքուեռանդ չեն խնայում մինչև 2018-ը Կարեն Կարապետյանի վարկանիշը գցելու ուղղությամբ, ասաց ազատամարտիկ, ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը:
     Նրա խոսքով՝ այս իրավիճակում նույնիսկ ծիծաղելի է վարկանիշի մասին խոսել, քանզի, ըստ նրա, այնպիսի համակարգ է այսօր, որ «իրական ընդդիմադիրները կա´մ լրիվ լռեցված են, սսկված, սնանկացած, կա´մ արտագաղթում են, կա´մ բերդերում են»:
     «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ, ասենք, Ծառուկյանն ասի` ես ընդդիմադիր եմ: Իրենք իրենց համար ստեղծել են իշխանություն, ընդդիմություն են նշանակել, որ տեսեք, տեսեք ընդդիմություն ունենք ու այս համատարած լկտիության մեջ դեռ մի հատ էլ վարկանիշի մասին խոսե՞ն: Իմ կարծիքը հետևյալն է` զրոյական վարկանիշ է բոլոր նրանց վարկանիշն, ովքեր այս ռեժիմի մաս են կազմում ու թող չարդարանան, թե` գիտեք ինչ, ընտանիք ենք պահում... դա չի կարելի ներել բոլոր նրանց, ովքեր այդ կուսակցության թիմակից են դարձել, ուր մնաց վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձին, ի՞նչ վարկանիշի մասին է խոսքը»:
     Գ. Սարուխանյանի խոսքով` Հայաստանը դարձել է «Գազպրոմի» մասնաճյուղ և մի օր էլ կունենա «Գազպրոմ հանրապետություն» անունը: Ըստ նրա, այդպես փոխվեց նաև Հայաստանի երկաթգծի անունն` ստանալով «Հարավկովկասյան երկաթուղի» անունը: «Դրանից ստորացուցիչ բան չկա, դա էլ Ռոբերտ Քոչարյանի նվերն էր մեր ազգին, հիմա էլ Կարեն Կարապետյանի ժամանակաշրջանն է»,- եզարափակեց մեր զրուցակիցը:

6233 | 6
Facebook