Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երկրի վրա սկսվել է 6-րդ զանգվածային ոչնչացումը

21:05, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
Երկրի վրա սկսվել է 6-րդ զանգվածային ոչնչացումը

Վերջերս լույս տեսած գիտական հետազոտությունն աղաղակում է մեր մոլորակի վրա կենդանիների քանակի խիստ կրճատման մասին: Փորձագետները կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել, այլապես Երկրին սպառնում է 6-րդ զանգվածային ոչնչացումը:
     Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում հրապարակված հոդվածում ամերիկացի ու մեքսիկացի մասնագետները նշում են, որ «կենսաբանական ոչնչացման» վտանգի առջև են կանգնել վերգետնյա ավելի քան 27 հազար ողնաշարավորներ, այսինքն՝ հայտնի կաթնասունների, թռչունների, սողունների ու երկկենցաղների կեսը:
     Այս տեսակներն զգալիորեն տանուլ են տալիս իրենց դիրքերն ինչպես թվաքանակով, այնպես էր տարածվածության արեալով:

Հաշվարկվել է, որ օրանգուտանների թվաքանակը Բորնեոյում վերջին 10 տարում կրճատվել է 25%-ով՝ հասնելով 80 հազար առանձնյակի: Հեպարդները 7 հազար են մնացել և զբաղեցնում են իրենց պատմական արեալի ընդամենը 10%-ը: Այսօր Աֆրիկայում հաշվվում է 35 հազար առյուծ՝ 25 տարի առաջվա ցուցանիշից 43%-ով պակաս:

Ըստ գիտնականների՝ սա մի պարզ բան է նշանակում, Երկրի վրա սկսվել է զանգվածային ոչնչացման 6-րդ փուլը: Տեսակների անհետացումը մեկ դարում արագացել է 100 անգամ: Այս ցուցանիշն իր նմանը չունի դինոզավրերի վերացումից ի վեր՝ վերջին 66 միլիոն տարվա ընթացքում:
     Իսկ կենդանիներին կործանող հանգամանքները բոլորին են հայտնի՝ նրանց բնակտարածքների կրճատում, որսագողություն ու որսորդություն, շրջակա միջավայրի աղտոտում և կլիմայի տաքացում:
     Ֆլորայի ու ֆաունայի այս սրընթաց վերացումը հանգեցնելու է բոլոր էկոհամակարգի համար աղետալից հետևանքների, նշում են գիտնականները:

10541 | 0
Facebook