Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«60%-ով թափուր տեղեր կան, և փաստորեն, ընդունվել են բոլոր նրանք, ովքեր դիմել են»․ Ռուբեն Բաբայան

16:25, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
«60%-ով թափուր տեղեր կան, և փաստորեն, ընդունվել են բոլոր նրանք, ովքեր դիմել են»․ Ռուբեն Բաբայան

Տիկնիկային թատրոնի ղեկավար, Գեղարվեստաթատերական ինստիտուտում 2017թ. ընդունելության քննությունների ընդունող հանձնաժաղավի ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ իր մտահոգություններով է կիսվել հայաստանյան բուհերում թափուր տեղերի թվի աննախադեպ աճի հետ կապված:
     Բաբայանի բնորոշմամբ` մեր երկրում բուհերի ֆինանսավորոմը կատարվում է ուսանողների հաշվին: «Դա իջեցնում է ուսման մակարդակը, որովհետև բուհն իր առջև դնում է փող ունենալու խնդիր: Նշանակում է՝ անկախ գիտելիքներից` պահում էին ուսանողին: Հիմա ավելի վատ վիճակի ենք եկել, որովհետև 60%-ով թափուր տեղեր կան, և փաստորեն, ընդունվել են բոլոր նրանք, ովքեր դիմել են»,- նշել է Տիկնիկային թատրոնի ղեկավարը:
     Ռուբեն Բաբայանի տվյալներով` Գեղարվեստաթատերական ինդտիտուում այս տարի ավարտել է 5 կուրս` յուրաքանչյուրում` 17-20 հոգի, ընդունվել՝ ընդամենը 2 կուրս:
     «Ընդունել ենք բոլոր նրանց, ովքեր կարող էին գոնե բերանը բացել: Փակելու մասին էլ չեմ ասում, փակում էինք մենք՝ ինքներս, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ գործողություն է կատարվում»,- ասաց նա:
     Տիկնիկային թատրոնի ղեկավարը կարծում է, որ պետությունը պետք է ունենա բուհական մարկետինգ և այսուհետև կարողանա պատճառաբանել, թե որ մասնագիտության համար ինչու է հատկացնում որոշակի տեղեր. «Իրականում գործում է պլանային տնտեսություն, քեզ պարզապես իջեցնում են վերևից, իսկ երբ հարցնում ես՝ հիմնավորումը որն է, պատասխանում են՝ հիմնավորում չկա, այսպես ենք որոշել: Բայց մի երկիր փլվեց այդ պատճառով»:
     Ռուբեն Բաբայանի խոսքով, այսօր շատ է խոսվում ազգային արժեքների մասին, իսկ դա առաջին հերթին կրթությունն է. «Սա Կրթության նախարարի մակարդակով լուծվող հարց չէ, գլոբալ պետք է դառնա երկրի գլխավոր խնդիրը։ Ինչ ուզում ենք անենք՝ մտնենք մի միություն, թե դուրս գաք մեկ այլ միությունից, եթե կրթության հարցը չի լուծվում, միևնույն է՝ ոչինչ չի փոխվի՝ Կռիլովի կվարտետի պես. եթե նվագել չգիտեք՝ ինչքան ուզում եք նվագել, չի ստացվի»:

9621 | 0
Facebook