Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանում նույնիսկ չեն զլացել և պարզել են, որ ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանի հայրը 40 անգամ եղել է Հայաստանում». Գագիկ Համբարյան

10:25, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
«Ադրբեջանում նույնիսկ չեն զլացել և պարզել են, որ ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանի հայրը 40 անգամ եղել է Հայաստանում». Գագիկ Համբարյան

Պարոնոիդալ շիզոֆրենիայով տառապող մեր արևելյան հարևաններին շատ է անհանգստացնում ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Հանթսման կրտսերը: Վերջինիս նշանակման հարցն արդեն լուծված է: Իլհամ Ալիևին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ջոն Հանթսմանի հայրը՝ Ջոն Հանթսման ավագը, Հայաստանի քաղաքացի է և նոր դեսպանը կարող է Մոսկվայում զբաղվել Հայաստանի լոբբինգով: Ադրբեջանում նույնիսկ չեն զլացել և պարզել են, որ ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանի հայրը 40 անգամ եղել է Հայաստանում:

Զարմանալի էակներ են ադրբեջանցիները: Սրանք պրիմիտիվ են, որ չեն հասկանում մի պարզ բան՝ ամեն երկիր ունի իր արտաքին քաղաքական դոկտրինան և նախասիրությունները, և որ որևէ երկրի դեսպան չի կարող այլ երկրում զբաղվել ինչ-որ մի այլ երկրի լոբբինգով, եթե նույնիսկ շատ ցանկանա: Սրանք չեն հասկանում,որ ԱՄՆ դեսպանները չեն կարող ազատ գործել և անել այն ինչ ցանկանում են: Դեսպաններն իրենց ամեն մի քայլը համաձայնեցնում են իրենց վերադասի՝ պետքարտուղարի հետ, իսկ ինքնուրույն որոշումներ ընդունելու կամ քայլեր կատարելու համար բավական դաժան պատժվում են: Սա Բաքվում կամ չեն հասկանում, կամ էլ իրենց չհասկացողի տեղ են դրել և Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպանի հայամետ լինելու պահերը պարզելու համար հարցազրույցներ են վերցնում ռուսաստանցի փորձագետներից:
     Ալիևյան կայքերից մեկն այդպիսի մի անտրամաբանական և հիմար հարցազրույց է վերցրել ՌԴ նախագահ Պուտինին կից գործող գիտական խորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր Անդրեյ Մանոյլոյից: Մանոյլոյի պատասխանից երևում է, որ նա շատ զարմացած է հարցի անկոռեկտությունից և ընդամենը ներկայացրել է Հանթսման կրտսերի վերաբերմունքը ՌԴ-ին: Հայաստանին վերաբերող պահը Մանոյլոն գրեթե անտեսել է: Սակայն ամենածիծաղելին սպասվում էր հետագայում, երբ ազերի լրագրողը Մանոյլոյից հետաքրքրվում է, թե ինչպես կարող է ազդել Հանթսման կրտսերը ՌԴ-ի քաղաքականության վրա: Այո, չզարմանաք, հենց այդպես էլ ասել է՝ ՌԴ-ի քաղաքականության վրա: Այսինքն, ըստ ազերի լրագրողի՝ ՌԴ-ն այնքան թույլ երկիր է, որ ՌԴ-ում ամերիկացիների դեսպանը կարող է ազդել Մոսկվայի քաղաքական դիրքորոշման վրա: Ես իհարկե չեմ կարծում, որ ՌԴ-ն ուժեղ երկիր է, բայց նաև այնքան թույլ չէ որոշ երկրների պես, որ որևէ երկրի դեսպան իրեն տանուտեր զգա իրեն հյուրընկալած երկրում:
     Իլհամ Ալիևին իր երկրի բոլոր դժբախտությունների մեջ արդեն փորձում է մեղադրել ոչ միայն հայերին, այլև Հայաստանի և հայերի հետ կապ ունեցողներին և հասել է նրան, որ հաշվում է թե քանի անգամ ո՛վ և ե՛րբ է այցելել Հայաստան:
     Հայատյացությունը նաև ծիծաղելի է դարձնում Բաքվին, որի ներկայացուցիչներն այսպիսի հիմար հարցերով բացահայտում են ազերիների իրական մակարդակը և գիտելիքները:
     Հ.Գ. Ադրբեջանցիները նաև թող իմանան, որ բացի Հանթսման ավագի կողմից 40 անգամ Հայաստան այցելելուց Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպանի ընտանիքը Գյումրիում մեծ բարեգործական ծրագրեր է իրականացրել և Շիրակի մարզկենտրոնում կա շատ գեղեցիկ թաղամաս, որը կրում է Ջոն Հանթսմանի անունը:

4830 | 0
Facebook