Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադայի Հայ դատի հանձնախումբն Օտտավային կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմատեխնիկայի վաճառքը

12:30, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Կանադայի Հայ դատի հանձնախումբն Օտտավային կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմատեխնիկայի վաճառքը

Կանադայի Հայ դատի հանձնախումբն իր վրդովմունքն է հայտնել առ այն, որ Կանադայի կառավարությունն արտահանման թույլտվություն է տրամադրել Տորոնտոյում տեղակայված զրահապատ մեքենաների արտադրության գծով մասնագիտացած INKAS Armored Vehicle Manufacturing ընկերությանը՝ բարձրտեխնոլոգիական ռազմատեխնիկա Ադրբեջան տեղափոխելու համար։ Այս մասին գրում է asbarez-ը:

Կանադայի միջազգային առևտրի հարցերով նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնին հուլիսի 24-ին ուղարկված նամակում հանձնախումբը կոչ է արել Կանադայի կառավարությանն անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի փոխանցումը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ այդ որոշումը չեղարկելու համար:

«Վտանգավոր զենքի մատակարարումներն Ադրբեջանի նման խարդախ պետություններին խախտում են Կանադայի զենքի արտահանման կարգավորումների հիմնական նորմերը և զգալի վտանգ են ստեղծում ներքին և տարածաշրջանային կայունության համար: Ակնհայտ է, Ադրբեջանի իշխանությունները նման զենքն օգտագործում են ոչ միայն Հայաստանի և Արցախի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալով տարածաշրջանային անկայունությունն ամրապնդելու, այլև երկրի ներսում այլախոհությունը հետապնդելու համար»,- ասել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Շահեն Միրաքյանը:

Նրա կարծիքով՝ թույլ տալով ռազմական ապրանքների արտահանումն Ադրբեջան՝ Կանադան նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի ու Արցախի Հանրապետության միջև ռազմական գործողություններին, իսկ նման որոշումները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին և հակամարտության խաղաղ կարգավորմանը:
     Նշենք, որ ըստ INKAS Armored Vehicle Manufacturing ընկերության ղեկավար Ռոման Շիմոնովի՝ մի քանի մեքենա արդեն հասել է Ադրբեջան։

8695 | 0
Facebook