Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«5 կիլոյից ավել ապրանք չեն թողնում բերենք․ 10 կիլոյանոց ձմերուկ բերեցի, կեսը կտրեցի, տվեցի իրանց»․ հայ-վրացական սահմանի բանկիչները բողոքում են ԵԱՏՄ նոր պահանջներից

11:35, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
«5 կիլոյից ավել ապրանք չեն թողնում բերենք․ 10 կիլոյանոց ձմերուկ բերեցի, կեսը կտրեցի, տվեցի իրանց»․ հայ-վրացական սահմանի բանկիչները բողոքում են ԵԱՏՄ նոր պահանջներից
     Բագրատաշենի բնակիչները, ովքեր տարիներ շարունակ Վրաստանից փոքր քանակով ապրանք են ներկրել նաև առևտրի նպատակներով, կանգնել են լուրջ խնդրի առաջ։ Երեկ նրանք բողոքի ցույց էին կազմակերպել մաքսակետի մոտ ու փակել ճանապարհը։
     Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ նոր պահանջները, ըստ որոնց, ԵԱՏՄ տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ մթերք, որի մեջ ներառվում են մրգերը, բանջարեղենը, հատապտուղներն, ընկուզեղենը և բուսական ծագման այլ մթերքներ:
     «5 կիլո բան ա թույլատրվում նոր օրենքով․ 6 հատ ձմերուկ եմ բերել, 2-ը քցել են սկլադ»,- ասաց հավաքվածներից մեկը։ «10 կիլոյանոց ձմերուկ էլ ես բերեցի, կեսը կտրեցի, տվեցի իրանց, կեսն անցկացրի»,- շարունակեց մյուսը։
     Սննդի անվտանգության պետական ծառայության տեսուչ Ազատ Խաչիկյանը երեկ նրանց հայտնեց, որ ԵԱՏՄ երկրներն են այդ որոշումը կայացրել, ոչ թե՝ միայն Հայաստանը։
     Հայ-վրացական սահմանի բնակիչները պահանջում են, որ վարչապետն արձագանքի խնդրին ու լուծման տարբերակ առաջարկի։ «Մենք իրանց ընտրել ենք, չէ՞, հավատացել ենք, չէ՞, որ լավ կլինի, բա ո՞ւր ա։ Խի՞ են ճնշում ժողովրդին, առանց էն էլ սնանկացած վիճակ ա։ Մարդիկ գործ չունեն, ստիպված մի երկու կիլո էժան ապրանք ենք բերում Վրաստանից, պատի տակ նստած՝ ծախում, էդ էլ են ձեռներիցս խլում»,- հավելեցին նրանք։
     ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն, արձագանքելով խնդրին, ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է․ «ԵԱՏՄ-ի համար գժվող ՀՀԿ-ականներին, Ձեզ առաջարկում եմ անկեղծորեն ժողովրդին իրազեկել, որ եկող տարիներին նոր սահմափակումներ են լինելու ԵԱՏՄ համաձայնագրի մի շարք դրույթների ուժի մեջ մտնելու հետ կապված... Այսպիսով սահմանամերձ գյուղերը սովի են մատնում՝ զրկելով ապրուստի վերջին միջոցներից»։
     Հիշեցնենք՝ դեռ շաբաթներ առաջ Էդմոն Մարուքյանն առաջարկում էր, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց սկսի։
6595 | 1
Facebook