Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինի և Թրամփի հանդիպումներն ու դրանց հետ առնչվող 5 մեծ խնդիր». Time-ի անդրադարձը

16:45, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
«Պուտինի և Թրամփի հանդիպումներն ու դրանց հետ առնչվող 5 մեծ խնդիր». Time-ի անդրադարձը

Ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի ղեկավար Իեն Բրեմերն ամերիկյան Time պարբերականում անդրադարձել է ԱՄՆ և ՌԴ նախագահների` Համբուրգում կայացած հանդիպումներին` նշելով, որ քիչ բան է հայտնի, թե ինչ են նախագահները քննարկել հանդիպումների ժամանակ, բայց այն ամենն, ինչ հայտնի է, մտահոգությունների տեղիք է տալիս․ քաղաքագետը 5 հիմնական խնդիր է առաջ քաշել:
    
     Թրամփը կարող էր մանիպուլյացիայի ենթարկվել
     «Թրամփը սիրում է զրուցել, անգամ այնտեղ, որտեղ հարկավոր չէ,- նշում է Բրեմերը` հավելելով,- դրանում սարսափել ոչինչ չէր լինի, եթե նա սովորական քաղաքացի լիներ: Բայց անգամ Թրամփի իմպրովիզացիոն նկատողությունները պաշտոնական քաղաքականության մեջ մեծ կշիռ ունեն: Խնդիրն այն է, որ Թրամփն ասում է այն, ինչ անցնում է մտքով, բայց կա մի ճշմարտություն` նա ասում է այն, ինչ մարդիկ ցանկանում են լսել: Պուտինը նման խաղերի վարպետ է. նա խաղում է այդ խաղն արդեն 2 տասնամյակ, իսկ Թրամփն ընդամենը կես տարի է իր պաշտոնում: Երբ Թրամփը հանդիպում է Պուտինի հետ, հարկավոր է, որ նա սեղանի իր հատվածում ընկերներ ունենա»:
     Հակառակորդների համեմատություն
     Երկրորդ հանդիպմանը ներկա են եղել միայն Թրամփը, Պուտինն ու վերջինի թարգմանիչը: Երկու առաջնորնդերի ողջ զրույցը հիմնվել է ռուս թարգմանչի հուսալիության և կարողությունների վրա: Նա սակայն պարտավոր է հավատարիմ լինել միայն Պուտինին: Քաղաքագետի կարծիքով` ԱՄՆ նախագահը վտանգի տակ է դրել իրեն: «Եթե նա չհասկանալով ինչ-որ բան է ասել, ապա դա կարող է իր կամ ԱՄՆ-ի դեմ կիրառվել, ռուսները կարող են դա անել»,- նկատել է քաղաքագետը:
    
     Ընկալումը նշանակություն ունի. «Մեծ քսանյակ»-ի արձագանքը
     ««Մեծ քսանյակ»-ի երկրներին մինչ այդ էլ մտահոգում էր Թրամփը, իսկ Պուտինի հարցում նրանց մտահոգությունների մասին հիշեցնելու կարիք անգամ չկա: Համբուրգի գագաթնաժողովը միայն ավելի հիմնավորեց այդ մտահագությունները: Չնայած հնարավոր չէր լսել, թե ինչ են խոսում Թրամփն ու Պուտինը, բայց նրանց մարմինների մտերիմ լեզվին ու միմյանց միջև գոյություն ունեցող անձնական քիմիային հետևել կարելի էր»,- գրել է Բրեմերը: Նա հավելել է, որ Թրամփի երկրորդ հանդիպումը Պուտինի հետ էլ ավելի է բարդացրել ԱՄՆ նախագահի հարաբերությունները դաշնակիցների հետ:

Սուտ, անիծված սուտ ու էլի սուտ
     «Թրամփը շատ է ստել, ինչպես մեծ, այնպես էլ փոքր հարցերում: Թրամփը հազիվ թե ԱՄՆ դաշնակիցների վրա ավելի քիչ հարձակվի, քան հակառակորդների: Ռուսաստանը մի երկիր է, որին Դոնալդ Թրամփը ոչ մի դեպքում չի քննադատի, ու դրան արժանի բացատրություն մինչ այժմ գոյություն չունի»,- գրում է քաղաքագետը:
    
     Հանդիպումը պաշտոնական արժեք չունի, ինչն ավելի նշանակալից է դարձնում այն
     Բրեմերը հիշեցնում է, որ այս շաբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավարը պնդում էր, որ ԱՄՆ-ում գտնվող ռուսական դիվանագիտական սեփականությունն «անվերապահորեն կվերադարձվի» Ռուսաստանին: «Դա խիստ ըմբոստ պահանջ է, որ ստիպում է կասկածել` արդյոք նախագահների երկրորդ հանդիպման ընթացքում չի քննարկվել այդ հարցը: Մինչ աշխարհը կենտրոնացած էր առաջին հանդիպման բովանդակությայն վրա, հնարավոր է, որ հենց երկրորդ հանդիպումն է եղել ամենամերկապարանոցը»:

9132 | 0
Facebook