Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդավառին սպասվող միջոցառումների մասին

18:05, շաբաթ, 22 հուլիսի, 2017 թ.
Վարդավառին սպասվող միջոցառումների մասին
     Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարի տոնը կնշեն հուլիսի 23-ին, իսկ բուն տոնակատարությունները կսկսվեն հուլիսի 22-ին, ժամը 18-ից։ «Արդեն որերորդ տարին նախատոնակ ենք անում։ 18։00-ին հավաքվելու ենք առաջնորդանիստ Սուրբ Սարգսի եկեղեցի, երիտասարդաց միություններն են լինելու, ազգագրական խմբերը։ Եկեղեցուց երթով շարժվելու ենք դեպի Երևանի քաղաքապետարանի դիմացի մանկական այգի, որտեղ ծիսական հիմնական մասն է լինելու»,- հայտնել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։
     «Ներկաները կտեսնեն վարդավառյան խնդումը, դա յուրօրինակ ծառ է՝ զարդարված խնձորով, վարունգով, վարդերով։ Բուն միջոցառման ժամանակ մասնակիցները կհամտեսեն նաև թեմի երիտասարդների խորոված խնձորը։ Պատրաստելու ենք նաև պսակներ, հասկերով խաչբուռներ՝ եկեղեցուն նվիրաբերելու համար»,- շարունակել է «Արարատ» Երիտասարդաց միության անդամ Տաթև Զախարյանը։
6672 | 0
Facebook