Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Արուս Ոսկանյանի հիշատակի օրն է

14:00, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Այսօր Արուս Ոսկանյանի հիշատակի օրն է

«Արուսը բարեկազմ, նուրբ դիմագծերով մի գեղեցկուհի էր: Նրա լայն ու համարձակ դեկոլտեի միջից պատանեկան թարմությամբ գծագրվում էին ճերմակ ուսերը, որոնք իրենց վրա պահում էին Արուսի ձիգ, էլաստիկ պարանոցն ու ոսկեթել, ալեծուփ վարսերով պսակազարդված գլուխը: Նրա դեմքին խաղաղությամբ ժպտում էին մի զույգ ծավի աչեր, որոնք հմայում էին տեսնողին: Նրա դեմքի պրոֆիլը, որը գծում էր լայն ճակատից մինչև կուրծք տանող ռելյեֆը, ամեն մի նկարչի համար երազած բարեկարգություն կարող էր համարվել: Այսքանը բավական էր արդեն հասկանալու համար այն շշուկները, որ տեղում էին ապագա մեծ արտիստուհու շուրջը»,- Արուս Ոսկանյանի մասին իր հուշերում գրել է Վաղարշ Վաղարշյանը:
     Արուս Ոսկանյանն իր բացառիկությամբ տարբերվում էր հայ թատրոնում: Նա ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է դերասան, բեմադրիչ Հովսեփ Ոսկանյանի կինը: Բեմական առաջին քայլերն արել է 1908-ին Վահրամ Փափազյանի աջակցությամբ: Խաղացել է օպերետներում, մելոդրամաներում, դասական պիեսներում: Ճանաչվել է «ճակատագրական կանանց» կերպարների անձնավորմամբ: 1921թ-ից խաղացել է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, եղել է նաև թատրոնի հիմնադիրներից: Հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»` Մարգարիտ, «Չար ոգի»` Սոնա, «Մորգանի խնամին»` Նատաշա, «Նամուս»` Սուսան, «Համլետ»` Օֆելյա և այլն:
     «Ես առաջին անգամ նրան բեմի վրա տեսել եմ լեդի Մակբեթի դերում: Դա ինձ վրա ցնցող տպավորություն թողեց: Նա դարձավ իմ ամբողջ երազանքի խորհրդանիշը: Արուսի միջոցով իմ սերը փոխանցվեց ամբողջ թատրոնին, և թատրոնն ինձ համար դարձավ միակ երազանքը»,- Արուս Ոսկանյանի մասին ասել է Հրաչուհի Ջինանյանը:
     Նշանավոր դերասանուհին հանդես է եկել նաև ասմունքով, բեմադրել է պիեսներ, հեղինակ է թատերական հոդվածների: 1935-ին արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

2998 | 0
Facebook