Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարորդական իրավունքի հարցում Ռուսաստանը խախտում է ԵԱՏՄ պայմանագիրը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

13:35, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Վարորդական իրավունքի հարցում Ռուսաստանը խախտում է ԵԱՏՄ պայմանագիրը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Վերջին օրերին մեծ աղմուկով քննարկվում է Ռուսաստանում հայկական վարորդական վկայականների
     հարցը:
     Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Ռուսաստանում արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրացի
     վարորդներին, ովքեր ռուսական վարորդական իրավունք չունեն, բացառությամբ այն երկրների
     քաղաքացիների, որտեղ ռուսերենը պետական լեզու է:
     Հայկական կողմը փորձեց կարգավորել խնդիրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և
     Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ընթացքում: Այս հանդիպման
     ժամանակ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր Հայաստանում ռուսերեն լեզվին տալ
     պաշտոնական կարգավիճակ:
    
     Աշխատուժի ազատ տեղաշարժ
    
    

Հիշենք, որ Ռուսաստանը և Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ են, իսկ
     ցանկացած տնտեսական միություն ենթադրում է աշխատուժի, կապիտալի, ապրանքների և
     ծառայությունների ազատ տեղաշարժ:
    
     ԵԱՏՄ մասին պայմանագրի 28-րդ հոդվածը նշում է. «Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն` ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»: Փաստացի, սահմանափակելով վարորդական իրավունքի ծագման երկրի հետ կապված հայաստանցիների մեքենա քշելու միջոցով ծառայությունների մատուցման իրավունքը` ՌԴ-ն խախտում է ԵԱՏՄ պայմանագրի 28-րդ հոդվածը: Ավելին, պայմանագրի 86-րդ հոդվածի համաձայն՝ «Միությունում իրականացվում է համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն»: Սա նշանակում է, որ ցանկացած տրանսպորտային կարևոր որոշում պետք է քննարկվի միության մակարդակով:

Ու թեև ԵԱՏՄ պայմանագիրը ներռուսաստանյան օրենսդրությունից գերական իրավաբանական ուժ ունի,
     սակայն, ինչպես գլխի եք ընկնում, ՌԴ ճանապարհային ոստիկանությանը դա քիչ է հետաքրքրում:
    
    
     ԵՄ օրինակը
    
    

Աշխատուժի ազատ տեղաշարժը ապահովելու համար Եվրոպական միության 28 երկրներն, օրինակ,
     ճանաչում են միմյանց վարորդական իրավունքները, ընդ որում կան համամիութենական ստանդարտներ:
     Ուշագրավ է, որ գերմանական վարորդական վկայականի վրա անգամ անգլերենով գրված չէ «վարորդական
     վկայական»՝ ամեն ինչ բացառապես գերմաներեն է, սակայն անկախ լեզվից՝ այն կարող է կիրառվել ԵՄ
     մյուս անդամ երկրներում:
    
     Հետևաբար, թեև ԵՄ օրինակը ցույց է տալիս, որ կարելի է գտնել համամիութենական ստանդարտներ և քննարկել իրավիճակն ու գտնել բոլորի համար ընդունելի որոշում, ՌԴ-ն կրկին միանձնյա քայլեր է ձեռնարկել՝ խախտելով ԵԱՏՄ պայմանագիրը: Ավելին, ԵԱՏՄ-ի սահմաններում իր պարտավորությունները կատարելու դիմաց ռուսական կողմը առաջարկում է Հայաստանին սահմանադրական փոփոխություններ իրականացնել տրանսպորտի հետ առնչություն չունեցող ոլորտում, այն է ռուսերենին պետական լեզվի կարգավիճակի շնորհման հարցում:

Այս իրավիճակը լավագույնն է խոսում ԵԱՏՄ-ի էության և գոյության իրական նպատակների մասին:
    
     Աննա Փամբուխչյան,
     «Իրազեկ քաղաքացիների միավորում»

7809 | 0
Facebook