Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հերոսի մայրը մահացել է սրտի հիվանդությունից. նրան 1000 դրամների հիմնադրամ ուշ են ընդգրկել․ «ՀԺ»

09:45, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Հերոսի մայրը մահացել է սրտի հիվանդությունից. նրան 1000 դրամների հիմնադրամ ուշ են ընդգրկել․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Ստեփանակերտում բնակվող լրագրող Նարի Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է այն մասին, որ մահացել է 2017 թվականի հունվարի 22-ին ադրբեջանական դիվերսիոն հարձակումից զոհված Կարեն Ուլուբաբյանի մայրը՝ Կարինե Ուլուբաբյանը:
     «Այսօր աղոթում էի, որ տխուր լուր չլսենք, բայց մենք կրկին արտասվում ենք, մեզանից անժամանակ հեռացավ նահատակ հերոս Կարեն Ուլուբաբյանի մայրը՝ Կարինե Ուլուբաբյանը: Սիրելի Կարեն, քո զոհվելու տարին դեռ չի լրացել, մայրդ ինչպես ամեն օր՝ քո գերեզման է այցի եկել, այսօր եւս եկավ, բայց այս անգամ նա ցանկացավ միանալ իր որդուն, վերադարձել է տուն, տանը մահացել: Շատ-շատ եմ ցավում: Խոսքեր չկան սփոփանքի Կարենի եղբորն ու քրոջը՝ Տիգրանին ու Մադլենային ասելու: Կարենի հայրն Արցախյան պատերազմի ժամանակ գլխից վիրավորում էր ստացել, որի հետեւանքով մի քանի տարի հետո մահացել էր, հորեղբայրն Արցախյան պատերազմի նահատակ է, Կարենն էլ զոհվել է սույն թվականի հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում»,- գրել է լրագրողը:
     Նարի Հայրապետյանն armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Կարենի մայրը 49 տարեկան էր, ուներ սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել վիրահատվել: «Կարենի մայրն առողջական խնդիրներ ուներ, դրա համար Կարենը պարտադիր ծառայությունն ավարտելուց մեկ ու կես ամիս հետո պայմանագրային զինծառայող դարձավ, որպեսզի կարողանա մոր ապաքինման հարցերը լուծի: Սրտի հետ կապված խնդիրներ ուներ, պետք է վիրահատվեր, բայց գումար չունեին: Շատ վատ էին ապրում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Նարի Հայրապետյանը:
     Նարի Հայրապետյանի տեղեկություններով` Կարեն Ուլուբաբյանի մորը` տիկին Կարինեին պետք է գումար հատկացվեր, որպեսզի նա վիրահատվեր: Սակայն Կարինե Ուլուբաբյանին «1000 դրամների հիմնադրամ»-ի ցուցակներում բավականին ուշ են ընդգրկել: Ընտանիքն ունի լուրջ ֆինանսական խնդիրներ:
     «Նրան ընդգրկել էին 1000 դրամների ցուցակ, որպեսզի վիրահատության գումար տային: Նրա հերթը օգոստոսին էր հասնելու, բայց ուշ եղավ, չհասցրեց»,- ասաց լրագրողը»:
     Մանրամասները՝ թերթի համարում։

6039 | 0
Facebook