Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մանկական Եվրոտեսիլ 2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան

18:10, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
«Մանկական Եվրոտեսիլ 2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան
     «Մանկական Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը կլինի Միշան (Միքայել Գրիգորյանը), ով նախորդ տարի մեր հայրենիքը ներկայացրել էր նաև «Մանկական Նոր ալիք 2016»-ին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը: 9-ամյա Միշայի մրցութային երգը և տեսահոլովակը կներկայացվի վաղ աշնանը:
     Միշան ծնվել է 2008 թվականին՝ Արցախում, երաժիշտների ընտանիքում: Նրա հայրը ԼՂՀ ՊԲ զինվորական նվագախմբի դիրիժորն է, մայրը՝ երաժշտության ուսուցչուհի մանկապարտեզում: Այժմ սովորում է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում: Միշան երգեցողությամբ սկսել է զբաղվել 4 տարեկանից և կրթվել պրոդյուսեր Լիրա Քոչարյանի մոտ, ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը: Նրա երաժշտական ունակությունները կատարելագործվել են վերոնշյալ «Արցախի ձայներ» խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ: Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկան հասակում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ելույթ ունեցել տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրյուսելում: Միշան կատարել է System Of A Down խմբի «Lonely Day» երգի քավր տարբերակը, որը հավանության է արժանացել խմբի անդամ Սերժ Թանկյանի կողմից և տարածում գտել վերջինիս սոցիալական էջերում: Միշան բանիմաց ու կենսուրախ պատանի է: Սիրում է լսել երաժշտություն, ընթերցել, դիտել մուլտֆիլմեր, նվագել ջութակ, դաշնամուր և հարվածային գործիքներ: Նա երազում է երգել Ռոբերտինո Լորետիի և Սթիվի Ուանդերի հետ, մասնակցել Բրունո Մարսի շոուին: Սիրում է կատարել Մայքլ Ջեքսոնի, Սթինգի, Ջեյմս Բրաունի երգերը: 2015 թվականին ներկայացվել է Միշայի առաջին տեսահոլովակը՝ «Փոքրիկ ղարաբաղցի»-ն, որն անմիջապես սիրվել է հանդիսատեսի կողմից: Միշան տվյալ երգի միջոցով և ընդհանուր առմամբ ցանկանում է աշխարհին պատմել Արցախի և խաղաղության մասին: 2016 թվականին Միշան մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին և ներկայացրել Հայաստանը: Փոքրիկ ղարաբաղցին իր կատարումներով գերել է ժյուրիի ու հանդիսականի սրտերը և գրավել 2-րդ պատվավոր հորիզոնականը: Եզրափակչի շնորհակալական խոսքում նա բոլոր ներկաներին հրավիրել է Հայաստան և Արցախ՝ ծանոթանալու հայկական մշակույթի և ժողովրդի հետ: 2017 թվականի մայիսին Միշան մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պարգևատրման հանդիսավոր արարողությանը և շատ հայտնի երգիչների հետ կատարել «Արի, իմ սոխակ» օրորորցայինը և իր դյութիչ ձայնով հուզել ներկաներին: Միշան 2017 թվականին Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում և կանցկացվի “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո:
«Մանկական Եվրոտեսիլ 2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան
«Մանկական Եվրոտեսիլ 2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան

     «Մանկական Եվրոտեսիլ»-ն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո և կանցկացվի նոյեմբերի 26-ին Թբիլիսիում: Հայաստանից բացի արդեն հայտնի են այն 11 երկրները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին՝ Ալբանիա, Բելառուս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Սերբիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:
     Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում:
«Մանկական Եվրոտեսիլ 2017»- ին Հայաստանը կներկայացնի Միշան
14461 | 1
Facebook