Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

15 դպրոցի տնօրեն ահազանգում է. մարզպետարանի պաշտոնյան չարաշահում է պաշտոնեական դիրքը․ «ՀԺ»

10:05, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
15 դպրոցի տնօրեն ահազանգում է. մարզպետարանի պաշտոնյան չարաշահում է պաշտոնեական դիրքը․ «ՀԺ»

«Հայկական ժամանակի» խմբագրությունը չստորագրված նամակ է ստացել Արարատի մարզի 15 դպ­րոցների տնօրենների անու­նից, որոնք պնդում են, որ Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանը պարտադրում է, որ դպրոցի տնօրեններն իր անվան հետ կապվող ընկերությունից գնեն «A4» ֆորմատի թղթեր:
     Նամակում, մասնավորապես, աս­ված է. «Այսպես՝ Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանը, խախտելով Քաղաքացիա­կան ծառայության և ներքին աուդիտի մասին օրենքները, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ (ճիշտ է, ոչ իր անունով), այն է` մարզպետարանի ենթակայությամբ կազմակերպությունների զգալի մասի տնօրեններին պարտադրվում է իր մի­ջոցով գնել A4 ֆորմատի թղթեր, այլ ոչ թե յուրաքանչյուր կազմա­կերպությանը մոտ գտնվող խա­նութներից: Դե, քանի որ ստուգող բաժնի պետ է, լռակյաց, բայց դժ­կամությամբ կատարում ենք նրա պահանջը»,- ասված է նամակում: Նշենք, որ նամակի սկզբնամա­սում ասվում է, որ այն խմբագրու­թյանն է ուղղված մարզի 15 դպրոցի տնօրենի անունից, սա­կայն որևէ հասցե և անուն-ազգանուն նշված չէ: Հասկանալի է, դպրոցի տնօրենները կարող են անհանգստանալ ներքին աուդիտի տակ ընկնելու ռիսկից:
     Դպրոցների տնօրենները անա­նուն նամակում նաև նշում են, որ իրենք լսել են, թե ինչպես է Սուրեն Քարամյանը նաև անհարգալից խոսում դպրոցների աշխատակիցների հետ, սակայն որևէ փաս­տական հանգամանք նամակում նշված չէ:
     «Միաժամանակ տեղե­կացնում ենք ձեզ, որ օրեր առաջ այդ մասին ահազանգել ենք Արա­րատի մարզպետ պարոն Ա. Գրիգորյանին, ՀՀ վարչապետին, սա­կայն ձայն բարբառո անապատի, և ստիպված էինք դիմել խմբագ­րություն»,- ասված է նամակում: Խնդրի վերաբերյալ զրուցեցինք Սուրեն Քարամյանի հետ:
    
     - Պարոն Քարամյան, դպրոցի տնօրեններ են դիմել մեզ, պնդե­լով, որ ստիպում եք իրենց A4 ֆոր­մատի թղթերը ձեռք բերել բացա­ռապես ձեր անվան հետ կապվող ընկերությունից:
    
     - Նման բան չի կարող լինել, ոչ մի տնօրեն չի կարող ասել, որ ես ինչ-որ մեկին պարտագրել եմ կամ ասել եմ իմ ընկերությունից կամ իմ խանութներից ձեռք բերել: Նման բան չի կարող լինել, ես ձեզ դա 100 տոկոսով կարող եմ ասել:
    
     - Դուք ունե՞ք խանութ:
    
     - Ես 20 տարի է խանութ եմ ունեցել, բայց նման բան չի եղել, որ ինչ-որ մեկը պարտագրի, դա սուտ տեղեկություն է: Ոչ մի տնօրեն չի ասի նման բան, որ պարտադրանք է եղել, հիմա որ խանութ է, գնել են, թե չեն գնել, ես ձեզ չեմ էլ կարող հստակ ասել»,- գրում է թերթը:
     Մանրամասները՝ թերթի համարում։

11702 | 0
Facebook