Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ո՞ր դեպքերում է հակացուցված պատվաստել երեխային. «ՀԺ»

09:40, երեքշաբթի, 18 հուլիսի, 2017 թ.
Ո՞ր դեպքերում է հակացուցված պատվաստել երեխային. «ՀԺ»
     «Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Պատվաստումների թեման բազմաթիվ ծնողների համար ամենացավոտներից է: Նրանք շարունակ կասկածում են` արժե՞ արդյոք տարբեր հիվանդությունների դեմ պատվաստել երեխային, արդյոք պատվաստանյութն անվտա՞նգ է և այլն:
     Առողջապահության նախարարությունն առիթի դեպքում պնդում է, որ պատվաստումն անհրաժեշտ է, որ դրանից խուսափելը կնշանակի երեխային անպաշտպան դարձնել վարակիչ հիվանդությունների դեմ: Նաև վստահորեն երաշխավորում է պատվաստանյութի անվտանգությունը:
     Ոչ քիչ դեպքերում դժգոհություններ են լինում նաև բուժաշխատողներից: Ծնողները բողոքում են, որ պատվաստվելուց առաջ երեխան չի զննվել, չի ենթարկվել այս կամ այն լաբորատոր-գործիքային հետազոտության և այլն, թեպետ դրանց մի մասի կարիքն իրականում չի էլ լինում: Իսկ բժիշկները ոչ միշտ են հարկ համարում ծնողների հետ խոսել, նրանց պարզաբանել իրենց քայլերն ու գործողությունները:
     Ուրեմն` երեխաներին պատվաստվելու տանելուց առաջ ինչ պետք է իմանան ծնողները, որպեսզի ե´ւ թույլ չտան բժշկին թերանալ, ե´ւ նրան չմեղադրեն այնպիսի հետազոտություններ չկատարելու մեջ, որոնց կարիքը չկա:
     Շատ հաճախ ծնողները հրաժարվում են պատվաստումից, երբ երեխան հազում է կամ ունի որևէ այլ թեթև հիվանդություն։ Այս մոտեցումը սխալ է։ Իմիջիայլոց, նման իրավիճակում նույնիսկ որոշ բուժաշխատողներ իրենք են հետաձգում երեխայի պատվաստումները։
     Համաձայն Առող­ջապահության համաշխարհային կազմա­կերպության` թեթեւ հիվանդությունների ժամանակ պատվաստելն անվտանգ է եւ նույնիսկ անհրաժեշտ։ Կան ավելի ծանր հիվանդագին վիճակներ, ինչպես օրինակ՝ օրգանների փոխպատվաստումը, որի դեպքում, մինչ հետագա բուժման պլանավորումը, պատվաստումների իրականացումը նույնիսկ խիստ անհրաժեշտ է համարվում: Եթե երեխայի մոտ նկատվում է ոչ բարձր ջերմություն, թեթև փորլուծություն և երեխայի մոտ չկա սուր վիճակ, դարձյալ նա կարող է պատվաստվել։
     Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հակացուցումները միքանիսն են.
    
     ա. Եթե պատվաստանյութի նախորդ դեղաչափից երեխայի մոտ եղել է շատ ծանր ալերգիկ կամ անաֆիլակտիկ ռեակցիա (հիմնական նշաններն են՝ եղնջացան, դժվարացած շնչառություն, ճնշման անկում) երեխայի պատվաստումը չի կատարվում տվյալ կոնկրետ պատվաստանյութով,
    
     բ. Եթե երեխայի մոտ առկա է ծանր իմունային անբավարարություն (օրինակ՝ ՁԻԱՀ, չարորակ նորագոյացություններ, իմունիտետը ճնշող դեղամիջոցների և ճառագայթային բուժման կիրառում): Թեթև և միջին իմունային անբավարարության դեպքում նույնիսկ պատվաստումները ցուցում են՝ հետագայում իմունային անբավարարության խորացման պայմաններում երեխային վարակիչ հիվանդությունների ծանր ելքից ապահովագրելու համար:
    
     գ. Եթե երեխայի մոտ առկա են հակացուցումներ կոնկրետ պատվաստանյութերի նկատմամբ (օրինակ՝ զարգացող նյարդաբանական վիճակների դեպքում չի կատարվում կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութ, իսկ հեպատիտ Բ-ի եւ տուբերկուլոզի դեմ պատվաստում չի կատարվում 1700 գրամից ցածր քաշ ունեցող նորածիններին)։
    
     Բոլոր դեպքերում երեխայի առողջական վիճակը եւ հակացուցումների առկայությունը գնահատվում է պոլիկլինիկայում` տեղամասային բժշկի, իսկ անհրաժեշտության դեպքում այս նպատակով կազմավորված մասնագիտական հանձնաժողովի կողմից։
    
     Արդյո՞ք անհրաժեշտ է պատվաստումից առաջ հետազոտել երեխային
    
     Պատվաստումներից առաջ բժշկի կողմից պետք է իրականացվի պատվաստվողի զննում (պարտադիր ջերմաչափում, կոկորդի զննում, թոքերի լսում, հարց ու պատասխան` պարզելու` արդյոք երեխայի մոտ նկատվո՞ւմ է ախորժակի անկում, թուլություն), գնահատվում է ընդհանուր առողջական վիճակը և կատարվում է գրանցում բժշկական քարտում: Պատվաստումից առաջ լրացուցիչ լաբորատոր-գործիքային հետազոտությունների անհրաժեշտություն չկա, եթե բժշկի կողմից երեխայի վիճակը գնահատվում է «պրակտիկ առողջ»»:
2905 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am