Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևանում 1.5 տարեկան երեխա է մահացել. պատճառը պատվաստո՞ւմը, թե՞ շոգն է եղել. «ՀԺ»

10:55, շաբաթ, 15 հուլիսի, 2017 թ.
Երևանում 1.5 տարեկան երեխա է մահացել. պատճառը պատվաստո՞ւմը, թե՞ շոգն է եղել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանում` «Խարբերդի դաչաներ» կոչվող թաղամասում, հուլիսի 6-ին 1.5 տարեկան փոքրիկ է մահացել: Նրա հարազատները գտնում են, որ պատճառը դրանից երկու օր առաջ ստացած պատվաստումն է:
     Մայրը` Թեհմինե Բաղդասարյանը, մեր զրույցում պատմեց, որ դուստրն ատամ հանելու պատճառով վատառողջ էր, հոսպիտալացվել էր, բուժում էր ստանում: Այդ ընթացքում տարածքային պոլիկլինիկայից շարունակ զանգահարել են, ասել, որ պետք է երեխային հերթական պատվաստումը ստանալու տանել: Ինքն անընդհատ մերժել է, բայց ի վերջո տեղի է տվել: Բժիշկը վստահեցրել է, որ կարող են վստահել իր երկարամյա փորձին ու իմանալ, որ պատվաստումից վտանգ չկա:
     «Այնքան զանգահարեցին, երեխային տարա, պատվաստվեց: Բայց պատվաստանյութը ինձ մոտ չեն քաշել ներարկիչի մեջ: Բուժքույրը պատրաստ բերեց, բժիշկը իմ պուճուրիկին սրսկեց: Ասաց` դա յոթ հիվանդության դեմ է: Հետո երեխային բերեցի տուն, երկու օր ամեն ինչ նորմալ էր, ուտում էր, ջուր էր խմում, խաղում էր: Երրորդ օրը տաքությունը բարձրացավ: Երեկոյան զանգահարեցի շտապօգնություն, ասացի պատվաստում են արել, երեխայի տաքությունը բարձրացել է, մի հատ կանչ գրեք: Պատասխանեցին` այդպես պետք է լինի, չենք կարող գալ, կանցնի»,- ողբերգությանը նախորդած իրավիճակը ներկայացրեց Թեհմինեն:
     Ըստ նրա, շտապօգնության ծառայությունում կանչ ընդունել հրաժարվելուց առաջ իրեն չեն հարցրել, թե որքան ժամանակ առաջ է երեխան պատվաստվել: «Ես հանգստացա, երեխային ոչ մի դեղ չտվեցի: Իրիկունը սառը թրջոց դրեցի, լսել էի, որ այդպես ջերմությունն իջնում է: Առավոտյան 5-ին արդեն շատ էր վատ, զանգահարեցի շտապօգնություն, մինչև եկավ, երեխան ձեռքերիս մեջ ամսի 6-ի լուսադեմին մահացավ»,- ասաց մայրը:
     Թեհմինեի փոխանցմամբ, տարածքային բժիշկը չի կարծում, որ իր աղջկա՝ Լենայի մահվան պատճառ դարձել է պատվաստանյութը. «Ասել էր` անատոմիկումում ստուգել են, պարզել, որ շոգից է եղել: Երեխայի տաքությունը չի հերիքել, մահացել է: Ուզեցել է ասել, որ պատվաստումից չի, էլի: Բայց ես գիտեմ, որ պատվաստումից է: Մինչև այդ շոգ էր, երեխաս դիմանում էր, հենց այդ պատվաստումը արեցին, չդիմացա՞վ»:
     Ընտանիքը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին: Հավելենք, որ Թեհմինեի ամուսինը նույնպես, ըստ նրա մոր, կրում է պատվաստվելու հետևանքները: Մանուկ հասակում պատվաստում ստանալուց հետո մահացած երեխայի ապագա հոր ոտքերը ծռվել են:
     ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, մեր զրույցում անդրադառնալով 1.5 տարեկան Լենայի մահվան դեպքին, ասաց, թե քանի որ գործի կապակցությամբ քրեական վարույթ է սկսվել, բժշկական բոլոր փաստաթղթերն առգրավված են, հետևաբար հնարավորություն չունի երեխայի հիվանդության պատմությանը ձեռքի տակ ունենալով հետևություններ ու եզրակացություններ անել:
     Այդուհանդերձ, Գայանե Սահակյանը խոսեց դասագրքային ճշմարտության մասին, այն է` պատվաստման հետևանքով բարդություններն առաջանում են շատ ավելի վաղ, քան եղել է մահացած փոքրիկի դեպքում: «Պատվաստումից հետո անաֆիլակտիկ ռեակցիան (որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիա-խմբ.), որը մահվան ելք կարող է բերել, հնարավոր է առաջին 40 րոպեի ընթացքում, բայց ոչ երկրորդ կամ երրորդ օրը»,- ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը: Նա հավելեց, որ երեխայի մոտ նկարագրված ջերմությունը նույնպես ժամանակային առումով չի համապատասխանում պատվաստման հնարավոր բարդություններին:
     «Ջերմային ռեակցիա սովորաբար լինում է հենց պատվաստման օրը: Երկրորդ օրը նման ռեակցիա առաջանալը պատվաստանյութին բնորոշ չէ: Երեխայի մոտ, ըստ երևույթին, այլ խնդիր է եղել»,- ասաց Գայանե Սահակյանը: Հարցին, թե իսկ այն, որ մահացած աղջնակի հոր մոտ նույնպես պատվաստման հետևանքով խնդիրներ են առաջացել, հնարավո՞ր է դրանք փոխկապակցված լինեն, ինչի մասին բուժաշխատողները պետք է իմանային, առողջապահության նախարարության ներկայացուցիչը պատասխանեց, որ իր կարծիքով դա ընդամենը զուգադիպություն է:
     Երեխան, ըստ Գայանե Սահակյանի, պատվաստվել է ԿԿԽ-ի դեմ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ): Նա ընտանիքի փոքր դուստրն էր: Քույրը 6 տարեկան է: Թեհմինեն սպասում է երրորդ զավակին»։
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

10177 | 2
Facebook