Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը սատարել է՝ Ասանժին Շվեդիային հանձնելու որոշումը

09:26, հինգշաբթի, 31 մայիսի, 2012 թ.
Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը սատարել է՝ Ասանժին Շվեդիային հանձնելու որոշումը

Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը կայացրել է ''Վիկիլիքս'' կայքի հիմնադրին Շվեդիային հանձնելու որոշում, որտեղ նրան կարող են ներկայացվել սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեղադրանքներ:

Գերագույն դատարանի կողմից ձայների 5 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ընդունված որոշմամբ դատարանը սատարել է ստորադաս երկու դատարանների կողմից Շվեդիայում եվրոպական ձերբակալության հրամանագրի հիման վրա որոնվող Ջուլիան Ասանժին հանձնելու մասին որոշումը:

Շվեդիայի իշխանությունները ցանկանում են հարցաքննել 40 տարեկան Ասանժին 2010 թվականին այս երկրում մեկ կնոջ բռնաբարության և մյուսի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքների հիման վրա:

Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը մերժել է ''Վիկիլիքս''-ի հիմնադրի փաստարկը, որի համաձայն մեղադրող կողմը չունի ձերբակալության հրամանագիր արձակելու իրավասություն:

''Մեծամասնությունը որոշում է կայացրել, որի համաձայն Շվեդիայի պետական մեղադրողն օժտված է դատական իրավասությամբ՝ ինչպես շրջանակային որոշում, այնպես էլ հանձնելու մասին որոշում կայացնելու իմաստով: Հետևաբար, Ասանժին հանձնելու մասին պահանջը ներկայացվել է օրինական եղանակով և նրա հանձնման դեմ ներկայացված բողոքն այսպիսով մերժվել է'',- նշել է Գերագույն դատարանը:

Դատարանն Ասանժի փաստաբաններին, այնուամենայնիվ, տրամադրել է երկու շաբաթ ժամանակ՝ որոշումն ուսումնասիրելու և գործի վերաբացմանը դիմելու նպատակով:

Այս մեղադրանքները հերքող ''Վիկիլիքս''-ի հիմնադիրն այժմ ունի դատարանի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու մեկ հնարավորություն:

Ամերիկայի ձայն

1906 | 0
Facebook