Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփի և Պուտինի առաջին հանդիպումը. հակասական արձագանքներ». The Financial Times

14:30, շաբաթ, 08 հուլիսի, 2017 թ.
«Թրամփի և Պուտինի առաջին հանդիպումը. հակասական արձագանքներ». The Financial Times

«Մեծ քսանյակի»-ի շրջանակներում անցկացված հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրել Վլադիմիր Պուտինի նկատմամբ` ԱՄՆ նախագահական ընտրություններին հնարավոր միջամտության հետ կապված, գրում է The Financial Times լրատվականը` նկատելով, սակայն, որ քաղաքական երկու գործիչներն էլ ձգտել են հարթել ռուս-ամերիկյան բարդ հարաբերությունները: Երկար սպասված ու նաև նախատեսվածից երկար տևած հանդիպման վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ են հնչել: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թրամփն ընդունել է ՌԴ նախագահի հավաստիացումները, թե Ռուսաստանը չի միջամտել ամերիկյան ընտրություններին: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն էլ իր հերթին նշել է, որ առաջնորդների միջև այդ հարցի շուրջ «շատ լավ և շարունակական երկխոսություն է եղել», և որ Թրամփն ավելի քան մեկ անգամ «ճնշում է գործադրել Պուտինի վրա»:
     Թիլերսոնի հայտարարությունից հետո ԱՄՆ Սենատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է. «Թիլերսոնի համար անպատվաբեր է հայտարարությունը, թե ընտրություններում ռուսական միջամտության վերաբերյալ հարցը մնում է չլուծված»:
     Հոդվածի հեղիանկները նշում են, որ կես ժամի փոխարեն մոտ երկուսուկես ժամ տևած հանդիպման ընթացքում երկու նախագահները քննարկել են Սիրիայում, Հյուսիսային Կորեայում և Ուկրաինայում տիրող ճգնաժամերը, իսկ պաշտոնական անձինք հաստատել են բոլոր ոլորտներում ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնումը:
     ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ առաջնորդները պայմանավորվել են Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադարի ռեժիմի հաստատման մասին։ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ը նաև համաձայնել է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների գծով հատուկ ներկայացուցիչ նշանակել, ինչը կհանգեցնի Մոսկվայի և Վաշինգթոնի միջև համագործակցության «ալիքի» ստեղծման։

Վաշինգթոնի միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի՝ Ռուսաստանի գծով մասնագետ Հիթեր Քոնլին հայտնել է, որ հանդիպման երկարատևությունը ցույց է տալիս, որ առաջնորդները «լեզու են գտել», սակայն հավելել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմությունը լի է նմանատիպ օրինակներով։

Քոնլին նշել է, որ գագաթնաժողովին հնչել է երկու հակասական կարծիք ամերիկյան ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության մասին։ «ՌԴ ԱԳ նախարարի ասածը, թե Թրամփն ընդունել է հավաստիացումը, թե Ռուսաստանը չի միջամտել մեր ընտրություններին, և ԱՄՆ պետքարտուղարի ասածը, որ «սա տարաձայնություն է, որը մենք կարող ենք հաղթահարել»,- ասել է Քոնլին՝ հավելելով, որ «հնարավոր է՝ տարբերությունը մեծ չէ»։

Իսկ Միջազգային հարցերի ռուսական խորհրդի ղեկավար Անդրեյ Կորտունովը նշել է, որ եթե Թրամփը «Ռուսաստանի հետ նոր համաձայնության հասնի», ապա նրա ներքին հակառակորդները կօգտվեն այդ հանգամանքից՝ դա «որպես քաղաքական զենք օգտագործելով նրա դեմ»։

11951 | 3
Facebook