Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի ՊԲ-ի տեսանյութն ապացուցում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում հրանոթի առկայությունը

14:20, ուրբաթ, 07 հուլիսի, 2017 թ.
Արցախի ՊԲ-ի տեսանյութն ապացուցում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում հրանոթի առկայությունը

Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը: Հերթական նման դրսևորումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության կողմից կազմակերպվեց այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդների և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Ալխանլու բնակավայր, որտեղ իբր թե նրանց տրամադրվել են ադրբեջանական կրակակետերի և ռազմական շտաբի բացակայության մասին «անհերքելի» ապացույցներ:
     Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաև, որ հակառակորդ երկրի՝ միջազգային հանրությանը, մասնավորապես Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին մոլորեցնելու մարտավարությունը նոր երևույթ չէ: Դեռևս 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո կազմակերպվեց վերջիններիս այցը Ջոջուկ Մարջանլու բնակավայր, որտեղ նրանց ներկայացվեց ադրբեջանական «փառահեղ» բանակի հաջողությունները, որոնց արդյունքում «ազատագրվել» է այդ բնակավայրը: Մինչդեռ Ջոջուկ Մարջանլուն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ էր գտնվում 1994թ. հունվարից ի վեր:
     Կարևոր ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը երբեք քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները չի թիրախավորել: Բայց երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ ևս լռեցվելու են: Եվ հավատարիմ մնալով փաստերի լեզվով խոսելու մեր մարտավարությանը, ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որում պարզ երևում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը: Սրանից բխող հետևությունները թողնում ենք բանական մարդկանց առողջ տրամաբանությանը:
     Վերջում հավելենք նաև, որ հուլիսի 7-ին՝ ժամը 09:00-ից սկսած հակառակորդը հարավային ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ Դ-44 հրանոթներից ու հաստոցավոր հակատանկային նռնականետերից:
     ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը:

Արցախի ՊԲ-ի տեսանյութն ապացուցում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում հրանոթի առկայությունը
9787 | 3
Facebook