Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչ ակնկալել Պուտին-Թրամփ հանդիպումից. Deutsche Welle-ի վերլուծությունը

11:25, հինգշաբթի, 06 հուլիսի, 2017 թ.
Ինչ ակնկալել Պուտին-Թրամփ հանդիպումից. Deutsche Welle-ի վերլուծությունը

Ինչպես հայտնի է, հուլիսի 7-ին Համբուրգում մեկնարկելու է «Մեծ քսանյակ»-ի երկրների գագաթնաժողովը, որի շրջանակներում էլ կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը: Ի՞նչ կարելի է ակնկալել երկու առաջնորդների անդրանիկ հանդիպումից: Այս մասին ծավալուն հոդվածով հանդես է եկել Deutsche Welle լրատվական գործակալությունը` նկատելով, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում շրջադարձի է սպասում, այնինչ փորձագետներն առաջընթաց չեն ակնկալում:
     «Իր պաշտոնն ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը Վաշինգթոնում և դրա սահմաններից դուրս շատ երկրների առաջնորդների և կառավարության ղեկավարների ձեռք է սեղմել` երկար և մտերմաբար կամ էլ ոտքի վրա ու գործնական: Մեկ ձեռքսեղմում, միայն, դեռևս չի կայացել` Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներին նման հնարավորություն տրվելու է Համբուրգում: Կողմերը հաստատել են գագաթնաժողովի մեկնարկային օրը երկու առաջնորդների անհատական հանդիպումը:
     Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների առաջին շփումից սպասելիքները երբեք այսքան բարձր չեն եղել: Ակնհայտ է` Կրեմլը կցանկանար այս ձեռքսեղմումը տեսնել շատ ավելի շուտ։ Խոսքը վերաբերում է «նախ և առաջ երկխոսության կարգավորմանը». այսպես է հանդիպման վերաբերյալ Մոսկվայի ակնկալիքները ձևակերպել արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանը հույս ունի նոր էջ բացել ռուս-ամերիկյան հարաբերություններում, որոնք Ղրիմի միացումից հետո հասել են սառը պատերազմից ի վեր ամենացածր մակարդակին: Թրամփը Ռուսաստանին նման հույսեր տվել է նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ Վլադիմիր Պուտինի հասցեին գովեստներ շռայլելով:

Բայց շրջադարձ այդպես էլ չի եղել: Սպիտակ տան ղեկավարն արդեն մի քանի ամիս է` գտնվում է մամուլի ճնշումների ներքո` ԱՄՆ նախագահի ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջմտության պատճառով: Դրա հետ մեկտեղ Թրամփի վարչակազմն ուժի մեջ է թողել ՌԴ հանդեպ պատժամիջոցներն ու ավելացրել նորերը:
     Ռուսաստանը, սակայն, ըմբռնումով է մոտենում: «Մենք համբերատար մարդիկ ենք»,- Վաշինգթոնի հասցեին ուղղավծ այս խոսքերն արդեն մի քանի անգամ կրկնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հիշեցրել է «ռուսական սպառնալիքի մասին», Մոսկվան դարձյալ լուռ է մնացել` «այլ բան չէինք էլ սպասում»:
     Բայց կուլիսների հետևում էյֆորիան փոխարինվել է զգոնությամբ, կարծիք է հայտնել քաղաքագետ Լիլյա Շևցովան: Նա նշել է, որ Ռուսաստանն արդեն սթափ պատկերացում ունի, թե ինչ է իրենից ներկայացնում Թրամփը` մարդ, ով «բացարձակապես անկնախատեսելի է, պատրաստ է ոտնատակ անել միջազգային իրավունքը և ով կոշտ դիրքորոշում ունի»:
     Համբուրգյան բանակցություններին ընդառաջ վերլուծաբաններն զգուշավորություն են ցուցաբերում գնահատականներ տալիս: «Ի վերջո սա առաջին հանդիպում է գագաթնաժողովի շրջանակներում, այլ ոչ թե այց երկիր»,- հիշեցրել է միջազգայնագետ Իվան Տիմոֆեևը:
     Պուտին-Թրամփ հանդիպման ընթացքում առաջնահերթությունը կտրվի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ Ռուսաստանը նախ և առաջ կբարձրացնի այդ հարցը: «Առանց Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համագործակցության հազիվ թե հնարավոր լինի հաղթել ահաբեկչությանը»,- ասել է Ուշակովը: Խոսքն այստեղ նախ և առաջ վերաբերում է Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:

Սիրիայից բացի, սպասվում է, որ երկու երկրների նախագահները կքննարկեն միջուկային անվտանգության հարցը` նկատի ունենալով Հյուսիսային Կորեան: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այս հարցում ռուս վերլուծաբաններն առաջընթաց չեն սպասում»:

5917 | 0
Facebook