Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում ուսումնասիրվում և հաշվարկվում է առաջնագիծը մշտապես խմելու ջրով ապահովելու հարցը

11:50, երեքշաբթի, 04 հուլիսի, 2017 թ.
Արցախում ուսումնասիրվում և հաշվարկվում է առաջնագիծը մշտապես խմելու ջրով ապահովելու հարցը

«Առաջիկայում բանակում և հատկապես առաջնագծում մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվելու, որոնք էականորեն ազդելու են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման վրա:
     Արցախում ներկայումս ուսումնասիրվում և հաշվարկվում են առաջնագիծը մշտապես խմելու ջրով ապահովելու հարցը: Պիլոտային ծրագիրը բարեհաջող իրականացվել է Ջրականում (նախկինում՝ Ջաբրայիլ, որոշ դիրքեր ապահովված են մշտական ջրով): Առաջնագծում ծառայած և ծառայող մարդիկ լավ գիտեն այս ծրագրի իրական էֆեկտիվությունն ու գինը, իսկ զինծառայողների հետ անցկացվող զրույցների ժամանակ այս ծրագրի իրականացումը ամենանախընտրելիներից է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
     Վերջինս նշում է, որ ծրագրի ներդրումը մեծ թվով խնդիրներ կլուծի. «Առաջին հերթին զինծառայողներին օրվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ ջրի օգտագործման հնարավորություն կընձեռվի: Երկրորդ, ջրի մեքենաները մշտապես հակառակորդի թիրախում են և անվտանգության առումով լուրջ խնդիրներ են ստեղծում վարորդների համար, ծրագրի իրականացմամբ այս վտանգն ամբողջությամբ կչեզոքացվի: Երրորդ, այն կապահովի ֆինանսական մեծ տնտեսումներ»:
     Խորհրդականի խոսքով՝ Բակո Սահակյանը հանձնարարել է ծրագիրը սեղմ ժամկետներում շինարարական ակտիվ փուլ տեղափոխել:

3171 | 0
Facebook