Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մի շահարկեք իմ անունը». Մկրտչյանը հերքել է Ծառուկյանի պատճառով հեռանալու լուրերը

15:40, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
«Մի շահարկեք իմ անունը». Մկրտչյանը հերքել է Ծառուկյանի պատճառով հեռանալու լուրերը

Այսօր ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, Ատլանտայի օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Մկրտչյանը Հայաստանից հեռացել է ոչ թե դստեր առողջական խնդիրների, այլ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ տարաձայնությունների պատճառով։

«Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է ոչ ընտանեկան պատճառներով: Նա դիմում էր ներկայացրել հունիս ամսվա սկզբին՝ նշելով, որ խնդրում է ազատել իրեն աշխատանքից դստեր հիվանդության պատճառով: Սակայն նրա հեռանալուց ի վեր խոսակցություններ են պտտվում, թե «ընտանեկան խնդիրներ» ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը: Ըստ խոսակցությունների՝ իրական պատճառն այն է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն`ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի, նրան նյութական միջոցներ է խոստացել, սակայն չի կատարել խոստումը: Մկրտչյանն աշխատանքի էր հրավիրվել հենց Ծառուկյանի կողմից Նման խոսակցությունները Ծառուկյանի անվան շուրջ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են: Երբեմն խոսակցություններ են պտտվում, թե նա չի վճարում մարզիկներին խոստացած գումարները: Իհարկե, մարզիկները դրանք չեն հաստատում, քանի որ ֆինանսական կախում ունեն մեկ մարդուց, ով, ըստ էության, միանձնյա ղեկավարում է ազգային սպորտը»:

Ավելի ուշ մարզիչը տեսաուղերձով հերքել է տարածված լուրերը։

«Առավոտյան կարդացի լուրերը, որտեղ գրված էր, որ ես հեռացել եմ, քանի որ պարոն Ծառուկյանը չի կատարել իր տված խոստումը։ Բայց դիմումիս մեջ գրված է, որ հեռացել եմ աղջկաս առողջական խնդիրների պատճառով։ Խնդրում եմ մի շահարկեք իմ անունը և ավելորդ խոսակցություններ մի ստեղծեք։ Երբ իր առողջական խնդիրները կարգավորվեն, ամեն ինչ իր հունով գնա, հուսով եմ՝ կվերադառնամ։ Շնորհակալություն»,- նշել է մարզիչը։

5536 | 1
Facebook