Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ-ը հորդորում է խուճապի չմատնվել

13:15, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ-ը հորդորում է խուճապի չմատնվել

Հաշվի առնելով հանրության շրջանում հետաքրքրությունն ու անհանգստությունը՝ ՀՀ ԱԻ նախարարությունը անդրադառնում է շոգ եղանակին ակտիվացած սողունների հանդիպելիս ճիշտ վարքականոներին:
     Մարդիկ սովորաբար սարսափում են սողունների հենց միայն տեսքից և հաճախ չեն կարողանում ճիշտ գործել։
     Ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Եթե կարողանաք արագ կողմնորոշվել ու ճիշտ օգնություն ցույց տալ, ապա հնարավոր կլինի խուսափել վատագույնից։
     Ի՞նչ անել.
     Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։
     Հնարավորության դեպքում աշխատեք հիշել օձի տեսքը։
     Օձի խայթոցից հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջ, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։
     Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։
     Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։
     Եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։
     Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։
     Թունավոր օձի խայթելու դեպքում Ժամանակն ամենաորոշիչ գործոնն է։ Շատ կարևոր է արագ
     ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին տվեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։ Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
     Ի՞նչ չի կարելի անել
     Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի խայթոցների դեպքում։
     Մի արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։
     Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք վնասված հատվածը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։
     Մի օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են հակառակ ազդեցություն ունենալ։
     Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետևանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։
     Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ. դրանք ևս արագանցում են արյան շրջանառությունը։
     ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է լինել զգոն և սողունների սեզոնային ակտիվացումը չդիտարկել որպես մեծ վտանգ:

6950 | 0
Facebook