Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ծիրան արտահանողների համար ՌԴ-ում ևս մեկ շուկա է փակվել»․ Արայիկ Հարությունյան

15:10, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
«Ծիրան արտահանողների համար ՌԴ-ում ևս մեկ շուկա է փակվել»․ Արայիկ Հարությունյան

Ի՞նչ ենք պարզել Լենա Նազարյանի հետ կապված ծիրանի արտահանում-Կրասնոդար-Սպայկա թեմայի հետ:
    
     1. Գյուղնախարարությունը և ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչությունը չեն հերքում, որ խնդիր կա և, որ բացի Սպայկայից, Կրասնոդարի ամենամեծ շուկան` «Ռոզա Վետռովը» փակ է Հայաստանից ծիրան արտահանողների համար (Լենան կապ է պահում փոխնախարար Ռոբերտ Մակարյանի և առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի հետ): Փակ է նաև «Լենին խուտոր» երկրորդ մեծ շուկա/բազան:
     2. Ըստ էության` ձյաձ Ժորայի ընկերությունում էլ չեն հերքում, որ խնդիրը կա, ինչն անուղղակի հաստատվել է Սպայկայի հետ միջնորդավորված շփման ժամանակ (ամսի 29-ին այցելելու ենք նաև Սպայկա):
     3. Այս իրավիճակում մեր փոքր արտահանողները կրում են ֆինանսական զրկանքներ: Պատկերացնելու համար իրավիճակը, նշեմ (այս ինֆորմացիան ստացել եմ մի քանի արտահանողների հետ մշտական կապի արդյունքում), որ այդ երկու շուկաները տարածաշրջանում յուրօրինակ հաբի դեր ունեն` ապրանքը կուտակվում է այստեղ, հետո ցրվում ՌԴ հարավով մեկ: Այստեղ մի քանի տոննա ապրանքը կարող է 10 րոպեում, միջինը մի քանի ժամում սպառվել, ինչը շատ ձեռնտու է արտահանողներին: Սրա արդյունքում` իրանք ծիրանի սեզոնի ժամանակ կարողանում են մի քանի ռեյս անել:
     4. Հիմա փոքր արտահանողները ստիպված են լրացուցիչ ժամանակ, ռեսուրս, գումար վատնել տասնյակ կիլոմետրեր կտրել, գնալ այլ քաղաքներ ու գյուղեր, ու այստեղ օրերով սպառել իրենց ծիրանը` սրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
     5. Ռոստովի շուկան, որի մասին որոշները խոսում են, ի տարբերություն Կրասնոդարի, զգալի քիչ հնարավորություններ ունի: Ու ամենակարևորը` այստեղի շուկայի ադրբեջանցի տնօրենը ոչ մի խնդիր չի ստեղծում հայերի համար: Ռոստովի շուկան մոտ 80կմ հեռու է Կրասնոդարինից, գինը այստեղ ցածր է:
     6. Խնդրի վերաբերյալ գրել եմ ռուսական հայտնի լրատվամիջոցներից մեկին, առայժմ արձագանք չունեմ: Չնայած իրանց համար սա հետաքրքիր թեմա չէ, իրենց մասշտաբներով փոքր է, բայց գուցե բզիկները բռնի ու հետաքննություն անեն: Ակնհայտ է, որ ՌԴ և ԵԱՏՄ օրենսդրություն է խախտվում: Մենք էլ ենք մեր հնարավորություններով փորձում դա անել:
     7. Ի՞նչ վտանգներ կան այս ամենի հետևանքով: Փաստացի ապագայում էլ հայաստանցի փոքր արտահանողների համար կարող են փակվել շուկաները նաև մյուս մրգատեսակների ու բանջարեղենների համար, եթե ամեն ինչը այսպես շարունակվի ու աչքաթող արվի: Հեսա գալու է դեղձի սեզոնը, մյուս տարի էլի գալու է ծիրանի սեզոնը: Ես գիտեմ, որ ծիրանի որոշ փոքր արտահանողներ արդեն հրաժարվել են ծիրան արտահանելուց` հաշվի առնելով այս խնդիրները: Սա նշանակում է, որ հետզհետե գյուղացին մնալու է միայն Սպայկայի հույսին, հետզհետե Սպայկան դառնալով մենաշնորհային` սկսելու է գին թելադրել` ցածր գին: Իհարկե` ծիրանը չենք թափի, նման պրակտիկա նախկինում չի եղել, բայց գյուղացին տարեց տարի կսկսի ավելի ցածր գնով այն տալ մեծ արտահանողին:
     8. Լրատվամիջոցներին կոչ ենք անում ավելի ակտիվ լինել այս հարցում, թեպետ նաև հասկանում ենք, որ Սպայկայի մասին գրելը, հնարավոր է, որոշ լրատվամիջոցներում, մեղմ ասած, չխրախուսվի:
     Սա է, ինչ ունենք այս պահին:

9815 | 1
Facebook