Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ֆիլմից հետո չինացիները հետաքրքրվում էին արցախյան հիմնախնդրի ու արցախցիների մասին»․ «Վերջին բնակիչը» ցուցադրվել է Շանհայի միջազգային փառատոնում

18:05, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
«Ֆիլմից հետո չինացիները հետաքրքրվում էին արցախյան հիմնախնդրի ու արցախցիների մասին»․ «Վերջին բնակիչը» ցուցադրվել է Շանհայի միջազգային փառատոնում

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ ֆիլմն ընտրվել էր «Panorama» ոչ մրցութային ծրագրում, ցուցադրվեց 5 անգամ, իսկ գլխավոր՝ պաշտոնական ցուցադրությունը կայացավ հունիսի 25-ին։
     Այդ առիթով Շանհայ էին ժամանել ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և ԱՄՆ-ից ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը: Հանդիսատեսի շարքերը համալրել էին ոչ միայն չինացիները, օտարազգիները, այլ նաև ներկա էին Չինաստանում հայկական համայնքի անդամներ։
     Ներկաների փոխանցմամբ` «Վերջին բնակիչը» շատ ջերմորեն ընդունվեց և բարձր գնահատանքի արժանացավ ոչ միայն չին հանդիսատեսի, այլ նաև մասնագիտական շրջանակների կողմից։ Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ հանդիսատեսի հանդիպում՝ ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ։ Հնչեցին տարաբնույթ հարցեր՝ թե՛ ֆիլմի պատմության և թե՛ առհասարակ հայկական կինոյի վերաբերյալ։
     «Զարմանալի է, որ չինացիներին հետաքրքրեց ղարաբաղյան կոնֆլիկտը, իսկ դրանից բխող՝ հետաքրքրեց նաև Արցախի ներկայիս դրությունը»,- ասում է ֆիլմի ռեժիսորը և հավելում` Արցախի ներկայիս իրավիճակի մասին հանգամանալից ներկայացնելուց հետո, նրանց կողմից հետաքրքրությունը կրկնապատկվեց՝ կապված արդեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ։
     «Սա մեզ ոգեշնչում է էլ ավելի հաստատուն քայլերով առաջ ընթանալ, ներկայացնել հայկական պատմությունն ու կինեմատոգրաֆիան միջազգային տարբեր հարթակներում՝ աշխարհի մասշտաբով»։

«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Շանհայի միջազգային փառատոնում
«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Շանհայի միջազգային փառատոնում

     Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանն էլ անդրադարձավ ֆիլմի անցած ուղուն, կարևորեց ֆիլմի՝ միջազգային ոլորտում ներկայացված լինելու, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությանը առաջադրվելու հանգամանքը: Նա կարևորեց տարբեր կինոշուկաներում ներգրավվածությունը, նշելով Կաննի միջազգային կինոշուկայում ունեցած մասնակցությունը, որտեղ, արդյունավետ հանդիպումների արդյունքում, ֆիլմը համաշխարհային դիստրիբյուրտոր ունեցավ։ «Շատ կարևոր է նաև, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը հասել է այն նշաձողին, որ Շանհայի միջազգային առաջատար կինոփառատոնն ընդգրկել է ֆիլմն իր «Panorama» ծրագրում, դա մեծ պատիվ է թե՛ հայրենիքում գտնվող հայերի, թե՛ սփյուռքահայերի համար»,- հավելեց ֆիլմի գործադիր պրոդյուսերը։
     Ֆիլմի Լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասն էլ իր խոսքում կարևորեց ֆիլմի համամարդկային ասելիքը․ «Ջիվան Ավետիսյանը աշխարհին պատմում է Արցախի, ղարաբաղյան հակամարտության մասին։ Մարդ, ով այդ կոնֆլիկտի ժամանակ ապրել է Ղարաբաղում և ունի ներքին հիշողություններ, որոնք ավելի խորն ու համոզիչ են դարձրել ֆիլմի պատմությունը։ Եվ շատ կարևոր է, որ ֆիլմն այժմ ապրում է, ինչի վառ ապացույցն է նաև Շանհայի կինոփառատոնում ընդգրկվածությունը, սա կրկին անգամ վստահություն է ներշնչում, որ համամարդկային ասելիքով ճիշտ ներկայացված՝ փոքր պետության կոնֆլիկտը ընդունում և ընկալում են աշխարհի տարբեր մասերում»,- ասում է պրոդյուսերը։
     «Ողջունելի է, որ աշխարհի տարբեր անկյուններում հայերին միավորում է արվեստը, մշակույթը, սեփական արմատների վերագտնումն ու վերապրումը»,- անկեղծանում է Ջիվան Ավետիսյանը։
«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Շանհայի միջազգային փառատոնում
«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Շանհայի միջազգային փառատոնում

4275 | 0
Facebook