Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ալերգիայի տեսակներն ու առաջացման պատճառները

17:30, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Ալերգիայի տեսակներն ու առաջացման պատճառները

Ալերգիան իմունային համակարգի աղավաղված ռեակցիան է օտարածին նյութերի ներթափանցման դեմ, որոնք անվնաս են մարդկանց մեծամասնության համար։ Ալերգենների կարևոր աղբյուրներ են տնային կենդանիները, սննդամթերքը, միջատները, սնկերը, դեղորայքը և արդյունաբերական քիմիկատները։
     Ալերգոլոգ, իմունոլոգ Զարուհի Կալիկյանի խոսքով` ալերգիայի սրացման սեզոնային ձևեր կան, բայց լինում են դեպքեր, երբ մարդ փոքր տարիքից մինչև կյանքի վերջ լինում է ալերգիկ:
     «Պատահում է, որ մարդիկ հասուն տարիքում են հայտնաբերում, որ ալերգիկ են: Ինչպես հայտնի է, գրեթե բոլոր հիվանդությունների մեջ ժառանգական գործոնը մեծ է, այս դեպքում այն վաղ հասակից է ի հայտ գալիս»,- նշում է մասնագետը:
     Բրոնխյալ ասթմա, ալերգիկ ռինիտ, ալերգիկ մաշկաբորբ. սրանք խրոնիկ ալերգիկ վիճակներ են, որոնք փոքրուց ուղեկցում են մարդուն: «Կա նաև սուր ալերգիկ վիճակ` եղնջացանն է, որն ունի իմուն համակարգի փոփոխություններ: Երբեմն մարդիկ իրենք իրենց ախտորոշում են, գնում են դեղատուն, ալերգիայի որևէ դեղ են ընտրում, մինչդեռ դա կարող է ավելի լուրջ վիճակ լինել և հատուկ հետազոտվելու կարիք լինի` պարզելու ալերգիկ հիմքերը»,- նշում է ալերգոլոգը:
     Նրա փոխանցմամբ` եղնջացան կարող է առաջանալ ճճվակրության ժամանակ, ինչպես նաև ստամոքսում հելիկոբակտեր մանրեի առկայության դեպքում:
     Ալերգիայի բուժումը, եթե ժամանակից ուշանում է, կարող է երկարատև ընթացք ստանալ: Մասնագետը հիշեցնում է, որ ախտորոշման համար հիվանդին պետք է տեսնել, հետազոտել, նոր միայն համապատասխան ախտորոշիչ և բուժական միջոցառումներ իրականացնել:

11647 | 0
Facebook