«Պարոն Սարգսյանն, ով արցախյան ազատամարտի տարիերին մեծ ներդրում է ունեցել, չկարողացավ գայթակղությունից զերծ պահել իրեն ու կեղծեց 2013-ի ընտրությունները: Ընտրությունից հետո, հանուն ժողովրդի ապագայի, առաջարկեցի նրան գնալ երկրորդ փուլի, չուզեց: Այն ժամանակ ոչ միայն ՌԴ-ն, այլև Եվրոպան ու ԱՄՆ-ն, վավերացրին կեղծված ընտրությունները»,- «Ժառանգություն» կուսակցության համագումարում նշեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Նրանք, ում կողքին կանգնել էինք տարիներ շարունակ, չգիտեմ՝ ճիշտ է, թե սխալ անուններ տալ, ընդդիմադիր մեր գործընկերները, ովքեր թեկնածու չունեին, մսխեցին հնարավորությունը՝ շարունակելու կանգնել մեր կողքին»,- հավելեց նա:
Հովհաննիսյանը խոսեց նաև խորհրդարանական այսօրվա ընդդիմության մասին. «Այսօր ԱԺ-ում ունենք իշխող կոալիցիա և ընդդիմադիր երկու խմբակցություններ։ Նրանք, ովքեր դեմ քվեարկեցին կոալիցիայի կառավարության ծրագրին, պիտի համարենք ընդդիմություն և գործակցենք նրանց հետ։
Թե ԱԺ-ում, թե դրանից դուրս, բոլոր կուսակցություններում կան նորմալ մարդիկ և կան գռեհիկ հայհոյողներ։ Գռեհիկ հայհոյողներ կան նաև ընդդիմադիր դաշտում. ամաչում եմ, որ այս որակն է նաև այդ դաշտում»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կրկին անուններ չտալով: