«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով կուսակցության համագումարի հռչակագրին, որտեղ խոսվում է նաև թավշյա հեղափոխության մասին, լրագրողների հետ զրուցում ասել է. «Հռչակագրի նախագիծ է դեռ, եթե ընդունվի, կմեկնաբանեմ որպես սահմանադրական հեղափոխություն, հեղափոխություն, որը տակավին Հայաստանում չի եղել և պետք է ժողովրդի ճնշմամբ իրացնի սահմանադրությունը»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ դա տեղի ունենա 2018-ի ապրիլին, երբ նաև Սերժ Սարգսյանը պետք է որոշի՝ մնում է իշխանության մեջ, թե ոչ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Կարող է առաջին հերթին ուղղված լինել 2018-ի ապրիլին։ Մի քանի շաբաթ առաջ ասել եմ, որ չեմ կարող մտնել այդ մարդու մտքի մեջ, որովհետև ինքն ահագին փոխվել է։ Եղել է ազատամարտիկ, կանգնել է հերոսական տղաների կողքին, նաև հպարտանալու առիթներ է ունեցել, բայց թե ինչ է փոխվել այդ մարդու մեջ, ես չգիտեմ, որ հիմա դիմել է ընտրակեղծարարության։ Ցավոք, եթե նա այսպես շարունակի, կասկած չունեմ, որ ինքը հենվելով կեղծված հանրաքվեի ու հետո՝ ընտրությունների վրա, այս կամ այն պաշտոնով ուզենա երկարաձգել իր իշխանությունը»։ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ շրջանից առաջ կլինի, թե հետո, կքննարկվի նաև քաղաքացիների՝ փողոց դուրս գալու հարցը: